Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի բազմաթիվ և բազմապիսի քաղաքագետ կոչվածների մեջ, նա մեկը, որը հավանաբար ռեկորդակիր է, տարբեր տերերի ծառայելու և ըստ այդմ լրջագույն տեսակետներ և կարծիքներ հայտնելու մեջ։ 80-ականներին նա կումունիստ էր, 90-ին ՀՀՇ-ական, ապա ՀՅԴ անդամ և Ռուսաստանի պետդումայում ներկայացուցիչ, 90-ականների վերջում Բաբկեն Արարքցյանի հիմնադրած «Արմատ»-ական, հետո ղազախական, ծառուկյանական և վերջապես թունդ հակառուսական գործիչ։
Այս իմաստուն քաղաքագետը չի խորշում նաև բացահայտ ստեր տարածելուց։ Նա ստեց և զրպարտեց արցախյան հաղթանակներ կերտողներից Յուրի Խաչատուրովին։ Եվ երբ Յուրի Խաչատուրովը նրան դատի տվեց, այս հպարտ և ճշմարտախոս քաղաքագետը, խելոք փիսիկի պես հրապարակային ներողություն խնդրեց։ 2016թ․ քառօրյա պատերազմում կորցրած շուրջ 800 հա տարածքի կորուստը, սույն իմաստուն քաղաքագետը համարեց «ծախված հողեր»։
Եվ ահա գալիս է 2018 թվականը և այս քաղաքագետը հիացած ստի և կեղծիքի հեղափոխությամբ, գիրք է գրում Աբաջյանի պապիկ կեղծած հեղափոխության առաջնորդ, հիմնական ստախոսին նվիրված։ Ի տարբերություն, 2016թ․ պատերազմի շուրջ 800 հա տարածքի կորստի, ամենագետ քաղաքագետը չմեղադրեց իշխանությանը, հողեր ծախելու՝ 2020թ․ պատերազմում ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար։ Դեռ պատերազմի վերքերը չչորացած, նա հարցազրույց տվեց թուրքական «Անադոլու» գործակալությանը և բառացի ասաց, որ Թուրքիան պետք է տարածաշրջանում փոխարինի Ռուսաստանին և որ կողմ է «Զանգեզուրի միջանցքին»։
Այս, ներեցեք՝ երկար նախաբանից հետո, ներկայացնեմ հիմնական ասելիքս։
Այս ամենը «չեն նկատում» Հայաստանի ատաջադեմ, «Ազատություն», Հ1, «Factor TV» և ցավալիորեն՝ Ա1+ լրատվամիջոցները։ Հատկապես «Factor TV»-ի համար այս անձն ամենացանկալի հյուրերից է։
Այսօր նկատեցի «Factor TV» և Ա1+ հեռուստաընկերություններում հռչակավոր քաղաքագետի հետ վերջին հարցազրույցները։ Երկու հարցազրույցներում էլ մեծագույն քաղաքագետը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» և այդ միջանցքի կողմ և շահառու է համարում է Ռուսաստանին։
Ցավոք, նման սկզբունքային են, ոչ միայն Հայաստանի քաղաքագետներից շատերը, այլև իրենց անաչառ համարող տարբեր լրատվամիջոցները։ Իրականում սրանք լրատվամիջոցներ չեն, այլ իրենց հյուրերի պես, ընդամենը էժանագին քարոզիչներ։ Բովանդակությամբ էժանագին, բայց նաև ազդեցիկ և լավ վարձատրվող քարոզչություն։ Հուսանք, որ սա չի վերաբերում, ժամանակին իմ կողմից հարգված Ա1+ լրատվամիջոցին։
Իսկ այդ ճշմարտախոս, անաչառ, ամենագետ, համաշխարհային հռչակ ունեցող քաղաքագետի անունն է՝ Ստեփան Գրիգորյան։
Ավետիք Իշխանյան