կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-16 02:21
Արցախ

Անաչառ հետաքննություն է հարկավոր անցկացնել

Անաչառ հետաքննություն է հարկավոր անցկացնել

Հայկական կողմը որեւէ մեղք չունի, որ ադրբեջանցի երեխան պատահարի զոհ է դարձել. այսօր Երեւանում լրագրողներին ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` միաժամանակ հիշեցնելով ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարությունը, որում մեկ առ մեկ նշվում են այն հանգամանքները, որոնք ապացուցում են` ադրբեջանցի երեխան չի զոհվել հայկական կողմի կրակոցի հետեւանքով:

 

Վ. Աթանեսյանի համոզմամբ` Սոչիի հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը, ինչպես միշտ, շփման գծում փորձեց մեծացնել լարվածությունը, եւ այժմ էլ օգտագործում է այն պատահարը, որին «չպարզաբանված հանգամանքներում ու չճշտված իրավիճակում» զոհ գնաց ադրբեջանցի երեխան:

 

«Ադրբեջանի նախագահի խոսքում երեկ մեղադրանք հնչեց հայկական կողմի հասցեին ` «մենք չենք կարող վստահություն ունենալ մի երկրի հանդեպ, որը սպանում է անչափահաս երեխայի»: Այս մեղադրանքները հայկական կողմից հանելու համար պետք է անցկացնել միջազգային անաչառ հետաքննություն»,- համոզմունք հայտնեց արցախցի պատգամավորը` հավելելով, որ հայկական կողմը հետամուտ է լինելու անաչառ հետաքննության անցկացմանը` պարզելու համար, թե իրականում ինչ հանգամանքներում է զոհվել երեխան, մանավանդ որ «այդ եւ մյուս օրերին ԼՂՀ ՊԲ ստորաբաժամնումները որեւէ գործողություն չեն իրականացրել»:

 

Վահրամ Աթանեսյանը նաեւ հույս հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւս ադրբեջանական կողմին կհորդորեն միջազգային դիտորդների մասնակցությամբ հետաքննություն անցկացնել:

 

«Իմ անձնական կարծիքով` երեխան դարձել է կա'մ քաղաքացիական անձի կողմից անզգույշ կրակոցի, կա'մ ադրբեջանական զինված ուժերի որեւէ կարգազանց զինվորի արձակած գնդակի զոհ»,- ասաց Վ. Աթանեսյանը:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը օրերս հաղորդագրություն է տարածել, թե մարտի 8-ին սպանվել է Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ գյուղի բնակիչ 9-ամյա Ֆարիզ Բադալովը, եւ սպանության մեջ մեղադրել էր հայկական կողմին: