կարևոր
2581 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-10 12:00
Քաղաքական

Թուրքական ճնշման տակ Հայաստանի ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար

Թուրքական ճնշման տակ Հայաստանի ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար

Հենց այն ժամանակ, երբ կարծում էինք, որ լսել ենք ամեն ինչ Հայաստանի ներկայիս իշխանության վիճահարույց դիրքորոշման մասին Արցախի, Հայաստանի և հայկական շահերի վերաբերյալ, մենք բախվում ենք Հայաստանի ղեկավարների հերթական մեծ սխալին։

2023 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչներին սպանողների ժառանգները Երևանում բացեցին «Նեմեսիսի» հուշարձանը։ Արարողությանը ներկա էին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, և, որքան էլ զարմանալի է, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամ է։

«Նեմեսիսն» այն գործողության անվանումն է, որը կազմակերպել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ ոչնչացնելու օսմանյան բազմաթիվ ղեկավարների, որոնք պատասխանատու էին Հայոց ցեղասպանության համար։ Այս գործողությամբ իրականացվել է 1919 թվականին Ստամբուլի թուրքական զինվորական դատարանի հեռակա արձակած մահապատիժը ցեղասպանություն իրականացնողների նկատմամբ, երբ նրանք փախել էին երկրից։ Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորին, Սողոմոն Թեհլիրյանը սպանել է Բեռլինում, 1921 թվականին։ Գերմանական դատարանը նրան անմեղ ճանաչեց Թալեաթի զանգվածային հանցագործությունների պատճառով։

Թալեաթի աճյունը Բեռլինից բերվել է Թուրքիա 1943 թվականին։ Թուրքական կառավարությունը «պատվել է» Թալեաթին՝ նրա անունով անվանակոչելով պողոտաներ, մզկիթներ, դպրոցներ, հիվանդանոցներ և հուշահամալիր Ստամբուլում։ Սա նույնքան ամոթալի կլիներ, եթե Գերմանիայի կառավարությունը Բեռլինում դպրոցներ ու պողոտաներ կոչեր Հիտլերի անունով․․․ Ստամբուլի նույն հուշահամալիրում թաղված է Ցեղասպանության մեկ այլ կազմակերպիչ՝ ռազմական նախարար Էնվեր փաշան։ Նրա աճյունը 1996 թվականին Տաջիկստանից բերվել է Թուրքիա, որտեղ 1922 թվականին նա սպանվել էր հայի կողմից։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն վրեժխնդիր է եղել «Նեմեսիսի» հուշարձանի համար՝ հայտարարելով, որ Թուրքիան արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի օդային տարածքով։ Ավելին, Չավուշօղլուն լկտիաբար հայտարարել է, որ Թուրքիան լրացուցիչ քայլեր կձեռնարկի Հայաստանի դեմ, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշարձանը։ Այսպիսով, Թուրքիան խախտել է IATA-ի (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) կանոնները, որտեղ ասվում է, որ երկրները չեն կարող արգելել թռիչքները քաղաքական դրդապատճառներով։ Հայաստանը պետք է իրավական միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ՝ համաձայն IATA-ի կանոնների և արգելի Turkish Airlines-ի թռիչքները Հայաստանի օդային տարածքով։

Այս թուրքական անհիմն պատժամիջոցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունները մեկ տարուց ավելի բանակցություններ են վարում ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման շուրջ։ Թեև հայտարարվում է, որ այդ բանակցություններն ընթանում են «առանց որևէ նախապայմանի», իրականում, Թուրքիան մի քանի պահանջներ է առաջ քաշել, ինչպես, օրինակ, Հայաստանը պիտի հայտարարի, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս՝ ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը, թույլ տա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անցումը Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանը կապելով իր արտատարածքային Նախիջևանի հետ, ինչը կնշանակի, որ «միջանցքը» գտնվում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։

Եթե նույնիսկ Թուրքիան մի օր բացի սահմանը, նա նորից կփակի այն, եթե Հայաստանը չկատարի Թուրքիայի հետագա պահանջներից որևէ մեկը՝ շարունակաբար շանտաժի ենթարկելով Հայաստանի կառավարությանը։ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժելու Թուրքիայի ներկայիս պահանջը վաղ նախազգուշացում է Թուրքիայից ավելի շատ պահանջների մասին, ինչպիսիք են՝ Երեւանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ապամոնտաժումը, ապրիլի 24-ին թուրքական դրոշների այրումն արգելելը և Հայաստանի Անկախության հռչակագրից այս պարբերության ջնջումը, որտեղ գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու գործին»:

Սա է չզղջացող թշնամու առաջ ծնկի գալու և խաղաղություն մուրալու հետևանքը։ Ի պատասխան Թուրքիայի օդային տարածքով հայկական թռիչքների արգելքին, Հայաստանի ղեկավարները քննադատեցին իրենց երկրին՝ Երևանում «Նեմեսիսի» հուշարձանը կանգնեցնելու համար, փոխարենը Թուրքիային ասելու, որ իրենք իրավունք չունեն միջամտելու Հայաստանի ներքին որոշումներին։ Թուրքիային հանգստացնելու փորձի ընթացքում Հայաստանի վարչապետն ու խորհրդարանի նախագահը մի շարք հայտարարություններ արեցին ընդդեմ հուշարձանի։ Այսինքն, Թուրքիայի համար նորմալ է փառաբանել Թալեաթին՝ թուրք Հիտլերին, սակայն Հայաստանի համար նորմալ չէ մեծարել դահիճին սպանող հայորդիներին։ Հայաստանի ղեկավարները «Նեմեսիսի» հուշարձանի համար պատրվակներ ներկայացնելու փոխարեն պետք է պահանջեին Թուրքիայից ապամոնտաժել Ստամբուլում գտնվող Թալեաթ փաշայի հուշահամալիրը։

Վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը լիազորել է Երևանի քաղաքապետարանը, ոչ թե Հայաստանի կառավարությունը։ Հուշարձանի տեղադրումը հաստատվել է Երևանի քաղաքի ավագանու կողմից 2021 թվականի սեպտեմբերի 14-ին: Փաշինյանը հակասեց ինքն իրեն՝ նախ Հայաստանի խորհրդարանին ասելով, որ հուշարձանը թույլատրելու որոշումը կայացվել է «դավաճան պիտակավորումից խուսափելու համար․․․․ Բայց դրանով մենք փաստացի շարունակում ենք դավաճանել մեր երկրի պետական ու ազգային շահերը»։ Այնուհետև նա ասաց, որ «սխալ որոշում է կայացվել և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ «ժողովրդավարության թերություններից մեկն այն է, որ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը չի վերահսկում ամեն ինչ և բոլորին»։ Սա ցնցող հայտարարություն է մեկի կողմից, որը եկել է իշխանության՝ հավակնելով խթանել ժողովրդավարությունը, սակայն նա կարծես թե չի հասկանում ժողովրդավարության հիմնական սկզբունքները: Փաշինյանը, փաստորեն, երկրում վերահսկում է ամեն ինչ և բոլորին․․․

Միևնույն ժամանակ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անցյալ շաբաթ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նույնպես արդարացումներ արեց՝ ասելով, որ Թուրքիան չպետք է «Նեմեսիսի» հուշարձանը «ընկալի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից»։ Սիմոնյանն այնուհետև ասաց, որ «Նեմեսիսի հուշարձանի բացմանը մասնակցել են միայն խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները»։ Չավուշօղլուն պատասխանեց, որ Հայաստանի կառավարության արդարացումները «անկեղծ և ճշմարիտ չեն: Ոչ ոք թող մեզ չփորձի խաբել՝ ասելով, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում»։

Հայաստանի ղեկավարները պետք է կարևոր դաս քաղեն այս միջադեպից։ Եթե Հայաստանն անհապաղ չմերժի Հայաստանի ներքին գործերին միջամտելու Թուրքիայի փորձերը, ես մտավախություն ունեմ, որ թուրքական կառավարությունը կհամարձակվի առաջադրել հետագա պահանջներ, որոնք լրջորեն կսահմանափակեն Հայաստանի ինքնիշխանությունը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի