կարևոր
4096 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 21:01
Արցախ Քաղաքական

ՀՀ իշխանությունից պետք է պահանջել լիարժեք կատարել իրենց պարտականությունները

ՀՀ իշխանությունից պետք է պահանջել լիարժեք կատարել իրենց պարտականությունները

Հայաստանից Արցախ գնացող միակ ուղին՝ գրունտային լեռնային ճանապարհը ևս փակ է։ Սրանով Ադրբեջանն ավելի է սեղմում օղակը Արցախի շուրջ։

Լաչինի միջանցքը փակելուց հետո եղան բազմաթիվ հայտարարություններ, դատապարտող խոսքեր, սակայն մինչ օրս Ադրբեջանն անում է այն, ինչ ուզում է։

Ի՞նչ պետք է անի ՌԴ-ն, միջազգային հանրությունն ու ի՞նչ սպասել ՀՀ իշխանությունից։

MediaHub-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտնեց, որ Ադրբեջանն այս քայլերով ուզում է հասնել իր վերջնանպատակին՝ հայաթափել Արցախը։

«Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք որոշակի մատակարարումներ կդադարեցվեն ՌԴ խաղաղապահների և Կարմիր խաչի միջնորդությամբ, բայց պետք է նաև ընկալենք, որ սա մեզ ծանոթ ձեռագիր է։ Մեզ համար զարմանալի է ՀՀ իշխանության վարքագիծն ու պահվածքը, ռուսական կողմի մոտեցումները, հատկապես այն դեպքում, երբ միջանցքի պատասխանատվությունը ռուսական կողմի երաշխիքն ունի։ Բայց վերջին շրջանում Հայաստանի իշխանության դիրքը, օրեր առաջ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մի կողմից մեզ չեն զարմացնում, բայց նաև անհասկանալի է՝ Հայաստանը վերջնապանապես է ձեռքերը լվացել է Արցախից, թե ոչ։ Իշխանությունների վարքագիծը պետք է այլ ձևով դրսևորվի»,-ասաց նա։

Խոսելով արցախյան կողմի անելիքների մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ հայաստանյան իշխանություններից պետք է պահանջել լիարժեք կատարել իրենց պարտականությունները։

«Այդ պարտականությունները ֆիքսվում են եռակողմ հայտարարություններով, որտեղ մեկ կողմը Հայաստանն է։ Եթե այսպես շարունակվի հայաստանյան իշխանությունները տնտեսական, ֆինանսական և այլ առումներով նույնպես իրենց ձեռքերը կլվան Արցախից։ Քաղաքական առումով իրենք այլևս դերակատար չեն և գիտակցված են իրենք այդ ճանապարհով գնացել։ Ես վախենամ, որ այն հարաբերություների դաշտը, մատակարարումները, որ կան, ապագայում կփորձեն ինչ-որ պատճառաբանություններով սրանից էլ խույս տալ»,-ընդգծեց Իշխանյանը։

Իշխանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները փաստում են, որ Արցախին մենակ է թողնում։

«Արցախը 2020 թվականի պատերազմի հիմնական ծանրությունն է իր վրա տանում և այս իրավիճակում իր ինքնիշխանության համար միայնակ պայքարելու հնարավորություն ուղղակի չունի։ Այդ հնարավորությունները համադրված քայլերով էին գործում, սակայն այդ միասնականությունն այլևս չկա»։

Լիաննա Թորոսյան