Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 5,3 մլրդ դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 93 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ն շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միությունում ընթացող գործընթացներում: 2022 թվականին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 26 որոշում և 5 կարգադրություն՝ ուղղված ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: 2022 թվականին կայացած Եվրասիական միջկառավարական նիստերի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ:
2022 թվականի ընթացքում մասնավորապես հաստատվել է «ԵԱՏՄ տարածքում արտադրանքը որպես օրգանական ճանաչելու ընթացակարգի մասին» համաձայնագիրը, որը հայ ֆերմերների համար հնարավորություն կընձեռի ստանալու օրգանական արտադրանքի վկայական և անարգել արտահանելու օրգանական գյուղմթերքը ԵԱՏՄ ընդհանուր շուկա:
«ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմի մասին» որոշմամբ հնարավորություն է ընձեռվել սուբսիդավորելու արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ստացվելիք վարկերի և փոխառությունների տոկոսադրույքները՝ ամբողջությամբ:
«Քաղաքացիական ավիաշինություն» նոր տեխնոլոգիական հարթակը հնարավորություն է ընձեռում զարգացնելու անօդաչու թռչող սարքերի ոլորտում ունեցած հայկական մշակումները՝ ապահովելով նաև դրանց հնարավոր կոմերցիոն կիրառումը կոոպերացիոն ծրագրերի շրջանակներում:
«ԵԱՏՄ անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մասին» որոշմամբ հնարավորություն է ընձեռվում ՀՀ ավիացիոն ոլորտի ընկերություններին ներգրավվելու կոոպերացիոն շղթայի մեջ՝ ավիացիոն պահեստամասերի արտադրության և հավաքման գործարանների տեղայնացման միջոցով:
Պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» որոշմամբ ՀՀ-ն ստացել է սակագնային արտոնություններ մի շարք ապրանքատեսակների մասով:
«Առանձին գյուղատնտեսական ապրանքների 2022-2023 թթ. պահանջարկի և առաջարկի համատեղ ինդիկատիվ հավասարակշիռների մասին» որոշմամբ ՀՀ-ի համար երաշխավորվել է ռազմավարական կարևորություն ունեցող պարենի ներմուծումը ՌԴ-ից և ԵԱՏՄ այլ երկրներից՝ պարենային անվտանգությունը լիարժեք ապահովելու նպատակով:
«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծվող թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» որոշմամբ ՀՀ-ի համար նախատեսվել է ոչ սակագնային քվոտա:
ՀՀ-ի նախաձեռնությամբ որոշում է կայացվել ներմուծվող ավտոմեքենաների համապատասխանության գնահատման և տիպի հաստատման սերտիֆիկատների ժամկետների երկարացում և հեշտացված կարգով տիպի հաստատման ընթացակարգի կիրառում, որը հնարավորություն է տալիս օտարերկրյա մեքենա արտադրող ընկերությունների հայաստանյան պաշտոնական ներկայացուցչություններին առանց որևէ խոչընդոտի շարունակելու իրենց գործունեությունը։