Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:
Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետևողական զարգացումը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է չինաստանցի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ, և երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար:
«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Չինաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ ՀՀ-ում 2017 թվականին արձանագրված տնտեսական ցուցանիշները նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հաջողություններ արձանագրելու, տնտեսական կապերի ընդլայնման համար:
«Ունենք լավ հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար: Մեր երկու երկրների միջև 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով, ինչը լավ դինամիկա է հաղորդել երկկողմ կապերի աշխուժացմանը»,- ասել է Թյան Էրլունը՝ ավելացնելով, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ: Դեսպանը տեղեկացրել է, որ Երևանում չինարենի դպրոցի կառուցման ծրագրի նպատակով հատկացվել է 15 մլն դոլար, բացի այդ՝ չինական կողմի նախաձեռնությամբ ընթացիկ տարում շարունակվելու է Հայաստանի շտապ օգնության ավտոպարկի համալրման ծրագիրը:
ՀՀ վարչապետը և Չինաստանի դեսպանը քննարկել են արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: