կարևոր
2773 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-13 17:29
Հասարակություն

Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետ

Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետ

Այսօր հայտնաբերված երկրորդ ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը, «Ազատության» հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

«Իմ տեղեկություներով՝ դրա մոտից հանել են էդ տղամարդու հեռախոսը», - ասաց համայնքապետը։

Փարամազյանը նշեց, որ Կապանի սպանված բնակիչը հրազենային վնասավածքներ է ունեցել։ Դեռ չգիտեն սպանությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել, բայց նրա մարմինը հայտնաբերել են երեկոյան։

Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց երկու զինվորի մոլորվելու մասին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի մեկ զինվոր ձերբակալվեց ևս մեկին որոնում էին: Պաշտպանության նախարարությունը կեսօրից հետո հաղորդեց, որ այսօր Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։

Այս հաղորդումից ժամեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ։

Մամուլը գրում էր, որ քննվող հիմնական վարկածներից մեկն ադրբեջանցիների կողմից սպանությունն է։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հրապարակումներին, տեղեկացրել էր, որ «այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք»։