կարևոր
3664 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 14:48
Քաղաքական

Արցախի իշխանությունները առաջ են տանում Նիկոլի օրակարգը․ Դավիթ Գալստյան

Արցախի իշխանությունները առաջ են տանում Նիկոլի օրակարգը․ Դավիթ Գալստյան

Իմ տեղեկություններով ադրբեջանցիները նույն տեղում են, որտեղ եկել էին, և այդ ճանապարհը չի շահագործվում, առ այսօր այդ վիճակն է, և ադրբեջանցիները ամեն անգամ  նմանատիպ սադրանքներով փորձում են իրենց առավելապաշտ և ահաբեկչական գործողություններով ճնշել արցախահայությանը, որպեսզի հասնեն իրենց վերջնանպատակին՝ այն է Արցախը հայաթափելը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Շուշի-Լիսագոր հատվածում թշնամու առաջխաղացմանը։

«Ադրբեջանցիները նշելով, որ Շուշիի հատվածում 2 գյուղ են գրավել, երևի նկատի ունեին, այդ ճանապարհն է իրենց դիտարկման տակ, իսկ գյուղերի գրավման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի առաջարկներին, թե Արցախի ներկայացուցիչները պետք է գնան Բաքու և այնտեղ բանակցեն, խմբակցության ղեկավարը նշեց՝ չի կարող իշխանությունների դիրքորոշումներից խոսել․

«Մեր քաղաքական ուժը կարծում է,որ իհարկե բանակցություններ պետք է լինեն, բայց ոչ թե նման ձևով՝ Բաքվում հանդիպելով, այլ Արցախի իշխանությունները պետք է հրապարակային հայտարարեն, որ պատրաստ են բանակցությունների և որպես միջնորդ կողմ, լինի դա ՀՀ-ն, թե Ռուսաստանը, թե մեկ այլ երկիր, իր տարածքում միջնորդ հանդիսանա, որպեսզի սկսվի երկխոսությունը, որովհետև, հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն այլևս չեն ուզում և չեն էլ փորձում բանակցել Արցախի անունից, ձեռքերը լվացել են, ապա իհարկե արցախահայությունն այս վիճակում պետք է փորձի ինքնուրույն կատարել այդ գործողությունները, բայց միայն ու միայն միջնորդ և երաշխավոր երկրի միջնորդությամբ»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Տեղ գյուղում ադրբեջանցիների հենակետեր դնելուն, նշելով, որ երբ մենք առանձնացնում ենք Արցախը հայկական խնդրից, ապա դա հենց Հայաստանի օրվա իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների ցանկությունն է․

«Տեղ գյուղում տեղակայված ադրբեջանական զորքերը ընդհանուր վտանգ են հայության համար, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի։ Այսպես, Ադրբեջանը մասնատելով, քայլ առ քայլ առաջ գալով փորձում է Արցախի հարցը փակելով անցել Հայաստանին։ Մի օր էլ կտեսնենք, ոչ թե Տեղ գյուղում, այլ ուրիշ գյուղերում են հենակետեր դրել։ Այս իշխանությունների կրավորական կեցվածքով՝ Ադրբեջանը օգտվելով առիթից ցանկացած պահ օգտագործելու է, որպեսզի իր դիրքային առավելությունները ցույց տա հայերի նկատմամբ, որը կբերի խուճապի։ Տեսնում ենք՝ Տեղ գյուղի բնակիչների մոտ ինչ խուճապահար տրամադրություններ են, երբ նրանք 30 տարի է չեն լսել կրակոց անգամ, հիմա արդեն ադրբեջանցիների հարևանությամբ են ապրում, ովքեր գիշերը կարող են մտնել յուրաքանչյուրի տուն, իսկ իրենց դեմ կանգնած չէ Հայոց բանակը, այլ՝ կանգնած է սահմանապահ զորքերը»,- նշեց պատգամավորը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ասաց, որ  այդտեղ վտանգներ կան, երբ քո պաշտպանության բանակը դիրքային և պաշտպանական գիծ չունի, այլ ընդամենը սահմանապահ զորքերով փորձում են սահման պահել, դա արդեն վտանգ է․

«Սա Վրաստանի սահմանը չէ։ Ադրբեջանի հայտարարությունները, երբ լսում ենք, պարզ է դառնում, որ դրանք միտված են Հայաստանը ոչնչացնելուն, և նման պետության հետ դու ունենաս ընդամենը սահմանապահ զորքերով սահման, դա նշանակում է, որ քո երկրի դարպասները բացում ես թշնամու առաջ»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ պարտադրված խաղաղություն չի լինում, իսկ այսօր Ադրբեջանը պարտադրում է խաղաղություն, իսկ ՀՀ իշխանությունները ենթարկվում են այդ պարտադրանքին․

«Պարտադրված խաղաղությունը դա խաղաղություն չէ, դա վասալի կարգավիճակով ապրել է, և այսօր Հայաստանի իշխանություններն այդ ուղին են ընտրել։ Երբ իրականում խաղաղություն ես ուզում՝ պետք է ունենաս հզոր բանակ և  պատրաստ լինես պատերազմի, այդ ժամանակ կունենաս արժանապատիվ խաղաղություն։ Արցախի իշխանություններն էլ ընդհանուր առմամբ նույն կերպ փորձում են տարանջատել հայկական հարցը Արցախի հարցերից, և իրենց պատկերացմամբ ձգտում են, որ Արցախը առանձին փրկվի, Հայաստանն՝ առանձին։ Սա նույն Նիկոլի օրակարգն է, իսկ դա չի լինելու այդպես։ 1988 թվին Արցախյան հարցը չէր, այլ համազգային հարց էր, և երբ այս հարցը այս անկյան տակ էր դիտարկվում, դա պարտվողական քաղաքականություն էր և դա նշանակում է ազգը տանել պարտության»,- ավելացրեց պատգամավորը։

Լ.Ա.