կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 22:54
Քաղաքական

Մեր ոչ վարքագիծը, ոչ կուրսը, ոչ էլ օրակարգը Փաշինյանի քիմքով պայմանավորված չեն. Լ. Գալստյան

Մեր ոչ վարքագիծը, ոչ կուրսը, ոչ էլ օրակարգը Փաշինյանի քիմքով պայմանավորված չեն. Լ. Գալստյան

«Նիկոլ Փաշինյանը դադարել է քաղաքական և քաղաքագիտական կատեգորիաներով մտածել: Ափսոսում եմ, որ Հայաստանում քաղաքական մշակույթը, վարքագիծն ու խոսույթը՝ շնորհիվ Փաշինյանի, վերածվեցին փողոցային լեքսիկոնով և անհավասարակշիռ պահվածքով ինչ-որ սումբուրի…Ափսոսում եմ և ցավում, որ «քաղաքական մտքի» այդպիսի գոհարներ են սփռվում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ նիստում վարչապետի արտահայտած հետեւյալ համոզմունքին՝ «հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն ուժերը, որոնք 2018թ.-ին պաշտպանել են ժողովրդական հեղափոխության արժեքները»:

Լիլիթ Գալստյանը նշեց. «Որքան էլ ցայտնոտի մեջ լինի Փաշինյանը, որքան էլ գիտակցի և տեսնի իր քաղաքական վարկանիշի անկումը, դա իրեն իրավունք չի տալիս քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի հետ այդպես խոսելու: Քաղաքականապես որքան անհաս պետք է լինել, պետական մտածողությունից որքան բոբիկ՝ «Դաշնակցության» հասցեին այդպես խոսելու համար: Մեր ոչ վարքագիծը, ոչ կուրսը, ոչ էլ օրակարգը Փաշինյանի քիմքով պայմանավորված չէ»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ. «Իսկ իրականում Փաշինյանն արտահայտում է իր էությունը. պետական ինստիտուտները ուզուրպացնելուց հետո իրեն թվում է, թե պիտի հաջողի իր սրտի քաղաքական քարտեզը կազմել. զավեշտական է, բայց ավելի շատ՝ տխուր: Փաշինյանը վերածվել է պետականության դեմ ուղղված սպառնալիքի: Իսկ «հեղափոխությունը» վաղուց է պարտվել, պարտվել է հենց Փաշինյանի և թիմի ջանքերով: Թող զուր թշնամիներ չփնտրեն…Կորսված հնարավորության համար եմ ափսոսում, և այն զոհերի համար, որ ունենք համավարակը կառավարելու կառավարության անճարակության արդյունքում»:

Լուիզա Սուքիասյան