կարևոր
3187 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-01 10:29
Քաղաքական

ՔՈ-ն բողոքարկել է Սիսիանի ընտրությունները․ «Հրապարակ»

ՔՈ-ն բողոքարկել է Սիսիանի ընտրությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բողոքարկել է անցած կիրակի՝ մարտի 25-ին, Սիսիան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Այս մասին, «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից․

«Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ստացել է ընտրությունների նախնական արդյունքների բողոքարկման եւ ձայների վերահաշվարկի պահանջով դիմում»։ Հիշեցնենք, որ Սիսիանի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ-ն հավաքել էր 7 հազար 332 ձայն, ՔՈ-ն՝ 1440, ՀՀԿ-ն՝ 2 հազար 553 ձայն։  Թիվ 34 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Արդյունքների մասով չեն բողոքարկել, դիմումը ներկայացրել են հնարավոր խախտումների վերաբերյալ, այսինքն՝ գտնում են, որ այդ խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ՔՈ-ի դիմումը քննվելու է ապրիլի 2-ին։

Հարցրինք՝ քանի՞ խախտում է ՔՈ-ն մատնանշել իր դիմումում։ «Կոնկրետ չեմ կարող ասել, ճիշտն ասած՝ չեմ հաշվել, տարբեր գրառումներ են գտել, հիմնական մեխը՝ քարոզչական պաստառներ կային փակցված, դրանց մասով էր»,- պատասխանեց Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը 4 տեղամասում ձայների վերահաշվարկ է արել, եւս 3 տեղամասում օրենքի ուժով է վերահաշվարկ արվել, տարբերություններն աննշան են եղել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։