կարևոր
6226 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-25 11:14
Քաղաքական

Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը․ «Հրապարակ»

Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

Թվում էր՝ Հայաստանը հետպատերազմյան տարիների ընթացքում  պետք է առավել սերտացներ հարաբերությունները ռազմավարական եւ բնական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Հատկապես, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով ՀՀ քաղաքացիներին վախի մթնոլորտում են պահում՝ գուժելով էսկալացիայի վտանգի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել ցեղասպանների հետ, փոխարենը մերժում է դաշնակիցների օգնությունը: Ընդամենը վերջերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանը մերժել է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկը: Մենք տեղեկություններ ունենք, որ ՀՀ իշխանությունները մերժել են նաեւ Սյունիքում Իրանի հետ համատեղ զորավարժությունների, ինչպես նաեւ ռազմական փոխօգնության հուշագիր ստորագրելու առաջարկը։

Եղե՞լ է արդյոք Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ․ հարցին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին խուսափողական պատասխան էր տվել՝ փետրվարի սկզբներին ՀՀ-ում հրավիրված երկկողմ հարաբերություններին նվիրված գիտաժողովում։ ՀՀ-ում Իրանի դեսպանի կարծիքով` ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը Հայաստանի եւ Իրանի շահերից չի բխում։ Դիվանագետը նշել էր, որ հարգանքով է վերաբերվում բոլոր այն որոշումներին, որոնք կայացվում են Հայաստանի եւ Իրանի կողմից ռազմական ոլորտում, եւ ցանկացած որոշում կամ քայլ, որը ձեռնարկվում է, ունի իր տրամաբանական արդյունքը: «Եթե դա բխում է երկրի շահերից, ապա համապատասխան նախարարը, տվյալ դեպքում՝ Սուրեն Պապիկյանը, անհրաժեշտության դեպքում կհնչեցնի։ Նույնը վերաբերում է նաեւ Իրանի բարձրաստիճան զինվորականներին։ Թե ինչ են նրանք մտադիր ձեռնարկել, ինչը՝ ոչ, իրենք պետք է ասեն»,- ասել էր դեսպանը։

Եղե՞լ է արդյոք ռազմական փոխօգնության հուշագիր ստորագրելու առաջարկ, եւ ի՞նչ է պատասխանել պաշտոնական Երեւանը։ Մեր այս հարցը լսելով՝ ԱԳՆ-ից հորդորեցին գրավոր ձեւակերպել, խոստացան պատասխանել, սակայն այդպես էլ պատասխան չեղավ։ Ուշագրավ է, սակայն, որ Թեհրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի խուսափում պարբերաբար ցուցադրել իր վերաբերմունքը Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ու հայտարարում է, որ կտրականապես դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության եւ Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Տեղական լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախօրեին իրանական ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Փաքփուրն է այցելել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակից շրջաններում տեղակայված իրենց ստորաբաժանումներին, զրուցել զինվորականների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստվածության մակարդակը, զգոնությունը։

«Անվտանգության հարցը ցուրտ, շոգ, տոն ու աշխատանքային օրեր չի ճանաչում, մենք պետք է լինենք հնարավորինս զգոն, պատրաստված, միշտ ուշադիր եղեք այս հարցերին»,- ասել է նա։ Գեներալի այցի մասին հրապարակումների մեջ ուշագրավ հիշեցում կա, որ դեռ հունվարին Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, միջազգային լրատվամիջոցներից մեկին տված  հարցազրույցում անդրադառնալով սեպտեմբերյան ագրեսիային, հայտարարել էր, որ Բաքուն իրականում ավելի լայնածավալ ռազմական գործողություններ է նախապատրաստում Հայաստանի դեմ, ինչի մասին վկայում են հետախուզության տվյալները։ Սակայն Հայաստանի հարավային հարեւան Իրանի գործողություններն ու հռետորաբանությունն օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը։

Իրանագետ Ժաննա Վարդանյանին հարցրինք՝ արդյոք բավարար ռազմաքաղաքական փոխգործակցություն կա՞ Հայաստանի եւ Իրանի միջեւ։ «Այո, ճիշտ եք, մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ Իրանի կողմից համատեղ՝ եռակողմ զորավարժություններ անցկացնելու առաջարկի մասին, նաեւ՝ Ռուսաստանի ներգրավմամբ, կամ ռազմական համագործակցությունն ավելի խորացնելու առաջարկներ, որոնք կա՛մ չեն ընդունվել, կա՛մ չեն կայացել։ Բայց թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, դժվար է ասել։ Պետք է նկատել, որ կան նաեւ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հրապարակումներ եւ ոչ միայն։ Հայաստանում Իրանի դեսպանը վերջերս մի միջոցառման շրջանակներում, եթե հիշում եք, ռազմական համագործակցության հարցին հստակ պատասխան չէր տվել, բայց հասկացրել էր, որ կա որոշակի համագործակցություն, որի մասին ցանկալի չէ, որ հրապարակայնորեն խոսվի, գրվի»,- նկատում է իրանագետը եւ հավելում, որ Հայաստանը, իրապես, պետք է ռազմաքաղաքական նոր համագործակցություն զարգացնի Իրանի հետ. «Լինի այդ համագործակցությունը համատեղ արդյունաբերության ստեղծման, զինտեխնիկայի գնումների տեսքով, թե այլ կերպ՝ մենք պետք է ողջունենք, բաց չթողնենք շանսը, հատկապես հաշվի առնելով այն իրավիճակը, որում հիմա գտնվում է Հայաստանը»: Մանավանդ՝ Իրանն անօդաչու թռչող սարքերի լուրջ արտադրություն ունի, ՀՕՊ համակարգեր։

Եթե ՀՀ իշխանությունը, հանուն Արեւմուտքի, մերժում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, արդյոք կգնա՞ Իրանի հետ թեկուզ ստվերային փոխգործակցության։ «Ենթադրվում է, որ, այո, զորավարժությունները գոնե տեսանելի կլինեին, եթե լինեին: Դժվար թե գաղտնի զորավարժություններ անցկացնեին: Ռազմատեխնիկական համագործակցություն կարող է լինել, բայց չբացահայտվել, իմ տպավորությամբ՝ հենց իրանական կողմը շահագրգռված չէ, որ բացահայտվի այդ գործակցությունը»։

Հիշեցրինք, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը  ցուցադրաբար այցեր է կատարում սահմանային ստորաբաժանումներ։ «Դա խնդիր չէ, բայց զենքի գնումների մասին ակնհայտ է, որ չեն ցանկանում խոսել»։

Ի դեպ, օրերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել կառավարության ծրագրի 2022 թ. հաշվետվությունը, որում հատուկ բաժնով անդրադարձ կա նաեւ Հայաստան-Իրան հարաբերություններին․ «Շարունակվել է բարձր մակարդակի երկխոսությունն ԻԻՀ-ի հետ: Նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատեւ աշխատանքային այց է կատարել ԻԻՀ, որի ընթացքում ստորագրվել է «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի 2 հանդիպում եւ 4 հեռախոսազրույց: 2022 թ. մայիսի 10-11-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երեւանում կայացել է ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 2023 թ. հունվարի 30-31-ը Թեհրանում կայացել է ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստը: 2022 թ. հոկտեմբերին Կապանում բացվել է ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսություն: Իրանական կողմից 2022 թ. ընթացքում տեղի են ունեցել հետեւյալ այցերը ՀՀ՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամին, տնտեսական հարցերի եւ ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզի: Նույն ժամանակահատվածում ԻԻՀ են այցելել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: ՀՀ-ԻԻՀ առեւտրաշրջանառությունը, 2022 թ. արդյունքներով, կազմել է շուրջ 711 մլն ԱՄՆ դոլար, 2021 թվականի շուրջ 503,5 մլն ԱՄՆ դոլարի համեմատ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով շուրջ 42%-ով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։