Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Միջոցառումն իրականացվել է 2018թ. նոյեմբերին Թեհրանում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների կողմից ստորագրված «ՀՀ գլխավոր դատախազության և ԻԻՀ գլխավոր դատախազության միջև 2019-2020թ.թ. համագործակցության մասին» ծրագրով: Դրանով նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է ՀՀ-ում, իսկ մյուս մասը՝ ԻԻՀ-ում: Վերոնշյալ կլոր սեղանի անցկացումը դրանցից առաջինն է:
Ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը՝ երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները մեծապես կարևորել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և երկուստեք փաստել, որ 2019-2020թթ. համագործակցության ծրագիրը նպաստում է գործակցության հետագա ամրապնդմանը, երկու երկրների դատախազների փոխընկալման դյուրացմանը: Նրանք ընդգծել են նման ձևաչափով հանդիպումները հաճախակի դարձնելու կարևորությունը, նշելով, որ դրանք նպաստում են կոնկրետ գործերով առաջացող աշխատանքային բնույթի խնդիրները հնարավորինս օպերատիվ լուծելուն, գործնական հարաբերությունների սերտացմանն ու փոխվստահության ամրապնդմանը:
ԻԻՀ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա բարձր է գնահատել երկու դարավոր հարևան երկրների միջև բոլոր մակարդակներով հաստատված ջերմ, բարեկամական հարաբերությունները, ունեցած ընդհանուր պատմական, մշակութային ժառանգությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը լիարժեքորեն համապատասխանում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակին և ոգուն, ինչը նոր շնչառություն է ստացել նախ 2017թ. Սանկտ-Պետերբուրգում, այնուհետ արդեն Թեհրանում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումների, համագործակցության վերոնշյալ ծրագրի ստորագրման, դրանով նախատեսված միջոցառումների մեկնարկի արդյունքում:
Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ սկսված ծրագրային միջոցառումների իրականացումը նպաստելու է ինչպես հանձնման և քրեական գործերով իրավական փոխօգնության, այնպես էլ անդրազգային հանցավորության և, հատկապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում երկու երկրների ներուժի համատեղմանն ու արդյունավետ օգտագործմանը: