կարևոր
4204 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-16 12:48
Հասարակություն

Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա. «Հետք»

Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա. «Հետք»

«Հետք»-ը շարունակում է սննդամթերքի փորձաքննությունների շարքը։ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության ենք ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։

Այս անգամ մեր փորձաքննությանն ավելացրել ենք նոր բաղադրիչ. նախքան լաբորատորիա հանձնելը, կաթնաշոռները տարել ենք Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝  մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։

Կաթնաշոռի կույր համտեսին մասնակցել են ֆակուլտետի ուսանողները` գնահատելով ապրանքների համը, հոտն ու որակական հատկանիշները։ Համտեսի վերջում նրանք պետք է քվեարկեին իրենց նախընտրած միայն մեկ նմուշի օգտին։

Ջերմային ռեժիմը չխախտելու համար նմուշները լաբորատորիա տեղափոխել ենք սառնարանով։ Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան։

Ոլորտի մասնագետները մեկնաբանել են փորձաքննության արդյունքները, խոսել խախտումների առաջացման պատճառների ու հնարավոր հետևանքների մասին։

Հրապարակման պահին փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են, և դրանց խմբաքանակն արդեն չի վաճառվում խանութներում։

Կաթնաշոռ. նորմերն ու շեղումները

Կաթնաշոռը կաթնաթթվային սննդամթերք է, որի բաղադրության մեջ մտնում են ամինաթթուներ (սպիտակուցներ), վիտամիններ (A, C, D և B խմբի տարրեր), ֆոլաթթու, երկաթ, կալցիում, պղինձ, մագնեզիում, նատրիում, ֆտոր, ցինկ և ֆոսֆոր։

Կաթնաշոռի արտադրման, անվտանգության նորմերը սահմանվում են Մաքսային միության 033/2013 «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011 «Սննդամթերքը դրա մակնշման մասով» տեխկանոնակարգերով։

Մասնավորապես, 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում (տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է (96-144 ժամ), խմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի: Իսկ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ընդհանրապես պետք է չլինի։

«Աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայության հիմնական պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է՝ հումքի հավաքման կամ արտադրական պրոցեսի ընթացքում։ Լինում է մարդու ներգործությունից կամ արտադրական պրոցեսի ստերիլությունից»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։

ԱՑԽՄ-ն մարդու միջամտությամբ է առաջանում, իսկ խմորասնկերն ու բորբոսասնկերն արտադրական պրոցեսում ի հայտ եկող շեղումներ են։

Կաթնաշոռում խմորասնկերի և բորբոսասնկերի նորմայից ավելի լինելը կարող է վկայել արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։

«Եթե տարածքը լինի բորբոսնած, դա օդի միջոցով կարող է տարածվել ու հայտնվել արտադրանքի մեջ։ Արտադրանքն ինքն իրենով բազմացման համար միջավայր է, օդից ընկած ցանկացած բան կարող է հեշտությամբ բազմանալ»,- ասում է Կ. Դարբինյանը։

Բորբոսասնկերը նույնպես հիմնականում առաջանում են արտադրական գործիքներից, պայմաններից և օդից։

Խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր թիվը կարող է նշանակել նաև որ կաթնաշոռը պատրաստված է  երկրորդական հումքի վերամշակումից (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն

Այս ցուցանիշների՝ նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է, քանի որ կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։

Ինչ վերաբերում է կաթնաթթվային մանրէներին (կաթնաշոռում դրանք պետք է լինեն >10^6  ԳԱՄ/գ-ից), ապա դրանց նորմայից ցածր լինելը վկայում է, որ արտադրության սկզբնական փուլում տվյալ մթերքում տիտրը (մանրէների քանակը) սխալ է պահպանվել, ինչպես նաև՝ խախտվել են մթերքի պահպանման պայմանները։

«Կաթնաթթվային մանրէների պակասը նշանակում է, որ պրոդուկտը դեռ թերհաս է, կամ արտադրական պրոցեսը խախտվել է, համապատասխան քանակի մակարդ՝ մերան չի տրվել, կամ ջերմային ռեժիմ է խախտվել, կամ ջերմային մշակում են արել պրոդուկտը, որը դրա կարիքը չունի, դրան կարող է նպաստել նաև հումքի մեջ հակաբիոտիկների առկայությունը»,- ասում է Կ. Դարբինյանը։

Նմուշ № 1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության կաթնաշոռը ( 27.02.2023-04.03.23 արտադրության՝)։ Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, յուղազերծ կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին։

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի 10 ուսանող մասնակցել է 10 նմուշի կույր համտեսի, համտեսի արդյունքում նրանք պետք է ընտրեին իրենց նախընտրած միայն մեկ նմուշ։

Այս նմուշի համը բնութագրել են որպես «թթվային, լավ, թթու, ոչ հաճելի, սուր, թթու/կծու, լավ, սովորական, վառ չարտահայտված, թթու/վատ», հոտը՝ «լավ, թթվային, կաթնամթերքի, նորմալ, թույլ, լավ, հոտ չունի, գրեթե չկա, սովորական»։

Նմուշ № 2

Երկրորդ համարի տակ փորձաքննվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրության «Մարիաննա» կաթնաշոռը (02.03.2023-08.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթ կովի նորմալացված, կաթնաթթվային կուլտուրաներից պատրաստված մակարդ, կալցիումի քլորիդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։

Ունի EAC (Eurasian Conformity, Եվրասիական համապատասխանության) նշան։

ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար ապրանքը պետք է ստուգվի և համապատասխանի ընդունված բոլոր տեխնիկական կանոնակարգերին և նորմերին։

EAC նշանի առկայությունը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է այդ բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում, քանի որ փաստում է, որ այն անվտանգ է, փորձաքննվել է, համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին։

Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ «Մարիաննա» կաթնաշոռի մեջ բորբոսասնկերի թիվը 120 է, ինչը գերազանցում է նորման 2,4 անգամ (նորմա՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի)։ Բացի այդ, այս կաթնաշոռում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խմորասնկեր (այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում

Այսպիսով, «Մարիաննա» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են որպես «լավ, քաղցր, քաղցր, քաղցր, սուր, հաճելի, նուրբ, նուրբ, հասարակ, համով», իսկ հոտը՝ «չունի, չզգացի, հաճելի, լավ, չունի, անհոտ, սովորական»։

Քվեարկության ժամանակ հենց այս նմուշն է ստացել ամենաշատ ձայները՝ 5 ձայն։

Նմուշ № 3

Երրորդ համարի տակ փորձաքննվել է «Բիոկաթ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության

Ինչպես նշված է մակնշման մեջ, այն պարունակում է «կովի անարատ կաթ և կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 12%։

Ունի EAC նշան, ISO 22000:2005 միջազգային ստանդարտի համապատասխանության նշան, ինչը վկայում է, որ ընկերության սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ԳՕՍՏ Ռ ISO 22000-2007 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի» պահանջներին։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Բիոկաթ» կաթնաշոռում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Բացի այդ, այն պարունակում է մեծ քանակությամբ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Այսպիսով, «Բիոկաթի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են որպես «լավ, չոր, թթու, թթու, միջին, դառը, չոր, սովորական, թթու», հոտը՝ «թույլ թթվային, լավ, նորմալ, սովորական, թթվային, սպեցիֆիկ, կաթնային, թթվային, սովորական»։

Նշենք, որ դեռևս 2021թ․ ամռանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Բիոկաթ» ընկերության հուլիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը հետ էր կանչել իրացման ցանցից և մատակարարման վայրերից, քանի որ այնտեղ նույնպես հայտնաբերվել էին ԱՑԽՄ, բորբոսասնկերի բարձր թիվ, ինչպես նաև՝ ՄԱՖԱՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ։

Նմուշ № 4

Չորրորդ համարի ներքո փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության

Բաղադրությունը՝ «կովի կաթ յուղազերծված, բակտերիալ մերան»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 0,6%։

Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, «Չանախ» կաթնաշոռի մեջ կա աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ 2,5 անգամ ավելի խմորասնկեր՝ 250 ԳԱՄ/գ։

Այսպիսով, «Չանախի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են որպես «լավ, լավ, տհաճ, միջին, ոչ կաթնաշոռային, սովորական, յուղային», հոտը՝ «վատ, լավ, նորմալ, սովորական, վատ, սպեցիֆիկ, նուրբ-կաթնային, անհոտ, սովորական»։

Նշենք, որ 2020թ. իրականացված վերահսկողության ժամանակ ՍԱՏՄ-ն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ էր հայտնաբերել «Չանախ» կաթնամթերքի գործարանում և ժամանակավորապես կասեցրել էր թթվասերի և կաթնաշոռի արտադրությունը։

Նմուշ № 5

Հինգերորդ համարի տակ փորձաքննվել է «Արբան» ՍՊԸ արտադրության «Աշտարակ կաթ»-ի կաթնաշոռը (02.03.2023-07.03.23 արտադրության

Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, չոր յուղազերծ կաթ վերականգնված, բակտերիալ մերան»։ 

Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։ Ունի EAC, ISO 22000 միջազգային ստանդարտի նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Աշտարակ կաթի» կաթնաշոռում կա աղիքային ցուպիկ, բորբոսասնկերը գերազանցում են նորման 6 անգամ` 300 ԳԱՄ/գ, բացի այդ, առկա են մեծաքանակ խմորասնկեր (խմորասնկերի քանակն այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում

Այսպիսով, «Աշտարակ կաթի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են որպես «սմետանի նման, վատ, վատ, սուր, թթու, լավ, սուր, շատ յուղոտ, տնական կաթի համ», հոտը՝ «չունի, վատ, նորմալ, թթվային, չունի հոտ, քիմիական, թթվաշ»։

Նմուշ № 6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի կաթ» կաթնաշոռը (02.03.2023-08.03.23 արտադրության

Բաղադրությունը՝ «կովի կաթ նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան»։ 

Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։ Ունի EAC նշան։

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Արզնի» կաթնաշոռում առկա է աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Այսպիսով, «Արզնի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են՝ «չոր, անհամ, պանրի, նորմալ, յուրահատուկ, կասկածելի, սովորական, ընկուզային, թաց, թթվային»հոտը՝ «չեզոք, վատ, տհաճ,  ոչ սուր, սպեցիֆիկ, չկա, քաղցր, չկա»։

Նմուշ № 7

Յոթերորդ համարի տակ փորձաքննվել է «Թամարա և Անի» ընկերության «Անի» (Ani) յուղազրկված կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության

Բաղադրությունը՝ «կովի յուղազրկված կաթ, կաթնաշոռի մակարդ/լակտոկոկերի խառնուրդ»։ Ունի EAC նշան։

«Անի» կաթնաշոռն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Անի» կաթնաշոռը համապատասխանում է սահմանված նորմերին։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են որպես «բզորած, բերանին կպչող, տհաճ, վատ, հաճելի չի, հաճելի, թթու, շատ թթու, թթու», հոտը՝ «վատ, վատ, վատ, ոչ սուր, տհաճ, սպեցիֆիկ, քիմիական, կաթնաշոռի հոտ»։ Նշենք, որ համտեսի ժամանակ միայն այս նմուշն էր, որ 2 հոգի հրաժարվեց փորձել՝ հոտի պատճառով։ Սակայն, միևնույն ժամանակ, քվեարկության ժամանակ այս նմուշը ստացել է 1 ձայն։

Նմուշ № 8

«Մարիլա» ընկերության կաթնաշոռը փորձաքննության է ներկայացվել ութերորդ համարի տակ (28.02.2023-04.03.23՝ արտադրության

Բաղադրությունը՝ «կաթ նորմալացված, բակտերիալ մերան»։ 1գ-ում կաթնաթթվային միկրոօրգանիզմների քանակը պիտանելիության ժամկետի վերջում՝ 107 ԳԱՄ-ից ոչ պակաս։

Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։ Ըստ մակնշման՝ կաթնաշոռը առանց հավելումների և հակաբիոտիկների է և 100% բնական։ Ունի EAC նշան։

«Մարիլա»-ն ունի մակնշման խախտում, քանի որ ապրանքնատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում հայտնաբերվել է թույլատրելիից 5 անգամ ավելի խմորասնկեր՝ 500 ԳԱՄ/գ։ Բացի այդ, կաթնաթթվային մանրէների թիվը սահմանված և մակնշված 10^7 աստիճանից քիչ է՝ 10^4 ԳԱՄ է։

Այսպիսով, «Մարիլա» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են որպես «շատ չոր, անհամ, պանրի համ, վատ, նորմալ, մի քիչ տարօրինակ, վատ, թթվաշ, սուր համ, պանրային», իսկ հոտը՝ «թույլ թթվային, լավ, նորմալ, թթվաշ, վատ, չունի, չունի»։

Նմուշ № 9

«Բոնիլատ» ընկերության կաթնաշոռը փորձաքննության է ներկայացվել իններորդ համարի ներքո (01.03.2023-07.03.23՝ արտադրության

Բաղադրությունը՝ «կաթ նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան»։ Ապրանքը մակնշված է որպես «100% բնական (natural product)»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։

Ըստ մակնշման՝ այն 100% բնական է, առանց ԳՁՕ-ների (ԳՄՕգենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ) է, պատրաստված է անարատ կաթից։ Նշենք, սակայն, որ ԳՁՕ կաթնամթերքում, որպես կանոն, չի կարող լինել, այս մակնշումն առավելապես մարկետինգային հնարք է՝ սպառողին գրավելու համար։ Ապրանքն ունի EAC նշան։

«Բոնիլատ»-ում ևս կա մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

Փորձաքննության արդյունքում «Բոնիլատ»-ի կաթնաշոռի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ նորմայից ցածր կաթնաթթվային մանրէներ։

Այսպիսով, «Բոնիլատ» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են որպես «անհամ, չոր, լավ, նորմալ, թթվաշ, վատ, սովորական, նուրբ, քաղցր», հոտը՝ «թույլ թթվային, նորմալ, նորմալ, թթվաշ, վատ, վատ, չունի»։

Քվեարկության ժամանակ այս նմուշը ստացել է 1 ձայն։

Նմուշ № 10

Վերջին՝ տասներորդ համարի տակ փորձաքննվել է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Երեմյան փրոդաքթս» (Yeremyan products) կաթնաշոռը (02.03.2023-06.03.23՝ արտադրության

Բաղադրությունը՝ «կաթ նորմալացված, բակտերիալ մերան»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 12%։ Ունի EAC Նշան:

Կաթնաշոռն ունի մակնշման խախտում, քանի որ ապրանքնատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն. սա ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

«Կաթը սեր է»՝ մակնշված է կաթնաշոռի վրա. փորձաքննությամբ պարզվել է, որ «Հայր և որդի Երեմյաններ»  կաթնաշոռում խմորասնկերի քանակը 3,5 անգամ գերազանցում է սահմանված նորման՝ 350 ԳԱՄ/գ է, բացի այդ շատ քիչ են կաթնաթթվային մանրէները։

Այսպիսով, «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Կույր համտեսի ժամանակ այս կաթնաշոռի համը բնութագրել են այսպես՝ «լավ, լավ, նորմալ, նուրբ, վատ, լավ, համ չունի, միջին», հոտը՝ «թթվային անուշ հոտ, լավ, լավ, հաճելի, վատ, լավ, թթու, կաթնաթթվային»։

Քվեարկությամբ երկրորդ տեղում այս նմուշն է. ստացել է 3 ձայն։

Այսպիսով…
Փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ն է համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։

10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են՝ «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։

10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի՝ բարձր քանակ։ Դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։

Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։

Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։

3 ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, և կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։

3 նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են՝ «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։

Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։

Քվեարկությամբ ամենաշատ ձայները՝ «համակրանքը» ստացել է «Մարիաննա» կաթնաշոռը՝ 5 ձայն, 3 ձայն ստացել է «Երեմյան փրոդաքթսը», 1-ական ձայն ստացել են «Անի» և «Բոնիլատ» կաթնաշոռները։  

«Անվտանգ սնունդ/Հետք» խմբի ահազանգերը կաթնաշոռի վերաբերյալ

«Անվտանգ սնունդ/Հետք» խմբում 2022-ից մինչև 2023թ.-ի առաջին եռամսյակը կաթնամթերքի վերաբերյալ 12 գրառում է կատարվել։ Խմբի անդամները հիմնականում բողոքել են կաթնամթերքի վատ համից ու հոտից։

Խմբի անդամներից մեկը նշել էր, որ «Բիոկաթի» թթվասերը վատ համ ու հոտ ունի։ Գրառման տակ խմբի մյուս անդամները բողոքել են նաև «Բիոկաթի» մածունից և կաթնաշոռից։

Խմբում դժգոհել են նաև «Աշտարակ կաթի» կաթնաշոռից՝ հայտնելով, որ այն վատ համ ունի։

«Դեղի, քլորի, կամ շատ ուժեղ թղթի համ, չգիտեմ էլ ոնց նկարագրեմ։ Առաջին անգամը գցեցի աղբարկղ, հաջորդ անգամ գնելիս խանութում ասացին, որ նման դեպքերում տանեմ իր թղթով, կվերցնեն, կփոխանցեն առաքիչներին։ Հա, բայց դե դա խնդրի լուծում չէ։ Հայկական շուկայում կաթնամթերքի նախապատվությունը տալիս էի «Աշտարակ կաթ»-ին, հիմա հիասթափված եմ... Նախկինում նման բան չէր եղել։ Չգիտեմ, ինչը կլինի պատճառը, հենց արտադրանքը, թե տեղափոխման ընթացքում ոչ ճիշտ պայմանների ապահովումը»,- գրել է խմբի անդամը։

Մեկ այլ գրառմամբ գնորդը նշում է, որ «Երեմյան փրոդաքթսի» կաթնաշոռի մեջ կարմիր կետեր (բորբոս) են եղել։ Խմբի անդամները նշել են, որ դա, հնարավոր է, խանութում պահման պայմաններից է եղել։

Կաթնամթերքի շուկայում ՍԱՏՄ հայտնաբերած խախտումները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2022թ. հունվարից մինչև 2023թ. փետրվարը կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացրել է 69 ստուգում։

Ստուգման արդյունքում արտադրողների 26%-ի կամ 18-ի նկատմամբ կայացվել է արտադրական գործընթացի կամ առանձին գործառույթների կասեցման որոշում։ Հետագայում նրանցից 17-ի նկատմամբ կասեցման որոշումը հանվել է, իսկ 1 տնտեսվարող էլ դադարեցրել է գործունեությունը։

22 տնտեսվարող (32%) վերացրել է ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները, 9 տնտեսվարողի (13%) տրվել է թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական, որոնք կատարվել են։ 20 տնտեսվարողի կամ նրանցից 29%-ի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։

Կրկնակի խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Ըստ Տեսչական մարմնի՝ մեկ տարվա ստուգումների արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական խախտումները՝ 

  • Օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն,
  • մաքրման գույքը և լվացող ու ախտահանիչ նյութերը չեն պահվել արտադրական տարածքից դուրս,
  • կենցաղային շենքն ապահովված չի եղել հանդերձարանով,
  • անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,
  • միջոցներ չեն ձեռնարկվել՝ կանխելու կենդանիների՝ կրծողների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման տարածքներ,
  • արտադրական տարածքներն ապահովված չեն եղել փակ աղբարկղերով,
  • բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել,
  • փաթեթավորումները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը,
  • սննդամթերքի փոխադրամիջոցը չունի սանիտարական անձնագիր, 
  • արտադրությունը չի իրականացվել տեխնոլոգիական հրահանգին և արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան,
  • առկա են եղել մակշման անհամապատասխանություններ։