կարևոր
3313 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 15:05
Տարածաշրջան

Վրաստանում փորձարկել են տեղական արտադրության առաջին ԱԹՍ-ները

Վրաստանում փորձարկել են տեղական արտադրության առաջին ԱԹՍ-ները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի, ներքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ մասնակցել է լեհական կողմի հետ համատեղ արտադրված առաջին փորձնական անօդաչու թռչող սարքերի գործարկմանը։ Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչքին, որոնք արտադրվել են վրաց-լեհական ձեռնարկությունում: Մարտական ​​և հետախուզական անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ են  իրականացրել փորձնական թռիչքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փորձնական թռիչքները կատարել են Warmate (Կամիկաձե) մարտական և FLYEYE հետախուզական ԱԹՍ-ները՝ արտադրված DELTA-WB ընկերության կողմից։ Հաղորդագրությունում նշվում է, որ Warmate-ը ,թափառողե զինամթերք է, որն ունի թիրախների ոչնչացման բարձր արդյունավետություն և ճշգրտություն։

Այն կարող է կրել տարբեր մարտագլխիկներ։ FLYEYE-ն իր հերթին կարող է հետախուզական խնդիրներ կատարել բարդ կլիմայական պայմաններում, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հարձակման ժամանակ։ Անօդաչու սարքը տվյալներ է ստանում, վերլուծում, այնուհետև իրական ժամանակում հաղորդում դրանք գետնին գտնվող անձնակազմին։

Ավելի ուշ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հայտնել է, որ իշխանությունները նախատեսում են ապրիլից սկսել այդ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը։ Վրաստանում ԱԹՍ-ների արտադրություն սկսելու ծրագրերը քննարկվել են 2021 թվականին։

2022 թվականի նոյեմբերին հայտնի Էր դարձել, որ Լեհաստանի WB Electronics ընկերությունը և Վրաստանի Delta պետական ​​ռազմական  գիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են համատեղ ձեռնարկություն, որը կարտադրի անօդաչու թռչող սարքեր: