կարևոր
2989 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-15 13:14
Աշխարհ

Մակրոնը Սի Ցզինփինին հորդորել է ՌԴ-ին բերել բանակցությունների սեղանի շուրջ

Մակրոնը Սի Ցզինփինին հորդորել է ՌԴ-ին բերել բանակցությունների սեղանի շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինին կոչ է արել Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ կապված Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ: Այս մասին տեղեկանում է The Guardian պարբերականից:

Երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում: Պարբերականի փոխանցմամբ՝  Ֆրանսիայի նախագահի գրասենյակը լրագրողներին հայտնել է, որ Մակրոնը Սի Ցզինփինին կոչ է արել «ուղերձ փոխանցել ՌԴ նախագահ Պուտինին՝ խուսափել իրավիճակի սրումից և լրջորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

Իր չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ երկրները պետք է միավորեն ուժերն՝ արձագանքելու համաշխարհային այնպիսի ճգնաժամերի, ինչպիսին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններն են:

Սի Ցզինփինը հակամարտության առնչությամբ ուղղակի մեկնաբանություն չի արել, սակայն նշել է, որ աշխարհը «վայրիվերումների և վերափոխումների ժամանակաշրջան է ապրում» և համագործակցության կոչ է արել:

Ավելի վաղ Սի Ցզինփինը  հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Գագաթնաժողովի շրջանակներում նա կարող է հանդիպում ունենալ նաև Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակի հետ:

Հիշեցնենք՝ Մեծ 20-յակի երկրների ղեկավարների հերթական՝ 17-րդ գագաթնաժողովն անցկացվում է Ինդոնեզիայի Բալի կղզում, նոյեմբերի 15-16-ը: