Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն. Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր և Բակո Սահակյանի, ինչպես նաև ՊԲ ներկայացուցիչների հետ հանդիպման մասին:
Նա նշեց, որ հանդիպել է ՊԲ հրամանատարական կազմի հետ, ՊԲ հրամանատարի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցներն է լսել: «Մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ: Այսօրվա քննարկումների արդյունքներով բոլորս համոզված ենք, որ մեր և նոր կառավարության համագործակցությունը կստացվի»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար, ինչպես և նախկինում նշել էր, կարևոր է Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելը: Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ի անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, իսկ Արցախի անունից՝ Արցախի իշխանությունը:
«Պետք է հստակ պատասխանենք մեկ հարցի՝ ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ ոչ: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը, անտրամաբանական է, որ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որի միջոցով այն չի կարող լուծվել: Ինչպես կարող է բանակցային ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցությունների սեղանի շուրջ նստած չէ: Սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է՝ մենք լուծո՞ւմ ենք հարցը, թե՞ չենք լուծում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հայկական կողմերը միշտ էլ խնդրի խաղաղ հանգուցալուծման կողմնակից են եղել, և փաստն այն է, որ ադրբեջանական կողմը ռազմատենչ քաղաքականություն է վարում: «Սակայն միջազգային հանրությունը և Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ մենք նրանց ռազմատենչ նկրտումների առաջ չենք ընկրկելու»,- հավելեց Փաշինյանը: