կարևոր
3691 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 11:51
Քաղաքական

Ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը․ հայտարարություն

Ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը․ հայտարարություն

Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը: 

Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում: 

Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով  անկուսակցականի կարգավիճակը: 

Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է: 

Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:

Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում:

«Հայաստան» խմբակցություն
10.10.2022թ.