կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-23 13:10
Աշխարհ

Թայվանի վրա հարձակման դեպքում Վաշինգտոնը ռազմական հակահարված կտա Չինաստանին. Բայդեն

Թայվանի վրա հարձակման դեպքում Վաշինգտոնը ռազմական հակահարված կտա Չինաստանին. Բայդեն

Թայվանի վրա Չինաստանի հարձակման դեպքում Վաշինգտոնը ռազմական հակահարված կտա Պեկինին։ Այս մասին Տոկիոյում կայացած բանակցություններից հետո Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել կղզին, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը համաձայն է «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Բայդենն ընդգծել է, որ կղզու կարգավիճակն ուժով փոխելու գաղափարը տեղին չէ։ «Հակառակ դեպքում՝ սա կլինի հերթական գործողությունը, որը նման է Ուկրաինայում տեղի ունեցածին»,- ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ Չինաստանի նման քայլը «կապակայունացի ամբողջ տարածաշրջանը»։

Թայվանը կառավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չան Կայշիի (1887-1975) գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները Չինաստանից փախան կղզի՝ պարտվելով քաղաքացիական պատերազմում։ Այդ ժամանակվանից այնտեղ պահպանվել են նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների՝ իշխանության գալը։

ՉԺՀ-ի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ կղզին համարվում է Չինաստանի գավառներից մեկը։