կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 14:44
Հասարակություն

Սա ոչ թե համարժեք հակահարված է, այլ Ադրբեջանի ձեռագիրը փոխելու հակահարված

Սա ոչ թե համարժեք հակահարված է, այլ Ադրբեջանի ձեռագիրը փոխելու հակահարված

Այսօր ազատամարտիկ, պահեստազորի սպա, կապիտան Արթուր Եղիազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանին ադրբեջանական ագրեսիային, նաև ՊՆ հաղորդագրություններին: Նրա խոսքով` վերջին շրջանում, բացի ինքնաձիգներով գնդակոծություններից, արդեն կրակային այլ միջոցների է դիմում Ադրբեջանը` դրանով իսկ խաբկանք ստեղծելով, թե իբր ցուցադրում են իրենց գերազանցությունը:

«Ադրբեջանական հանրությունը սխալ է ինֆորմացված, նրանք հիմնականում իրենց զոհերի թիվը թաքցնում են` ստեղծելով տպավորություն, թե իրենք համարյա զոհ չեն տալիս, և հայկական կողմն է պարբերաբար զոհեր տալիս: Վերջին օրերին մեր կողմից Ադրբեջան փախուստի դիմած անձնավորությունն ավելի շատ ադրբեջանական իշխանություններին էր պետք, որ իր հանրությանը ցույց տա, թե Հայաստանի պայքարող «ակտիվիստը» ինչպես է նկարագրում այստեղի վիճակը: Այսինքն` Ադրբեջանը փորձում է իր հանրության մոտ գերազանցության տպավորություն ստեղծել: Իսկ ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ պատերազմի և չի ցանկանում պատերազմ»,- ասաց Արթուր Եղիազարյանը:

Անդրադառնալով հայկական կողմի որդեգրած ռազմավարությանը` նա կարծիք հայտնեց, որ հայկական կողմը ոչ թե զգուշավորություն է ցուցաբերում, այլ ավելի ճիշտ է մոտենում բանակցային գործընթացին, քանի որ հայկական կողմը իսկապես ցանկանում է խաղաղություն:

Ադրբեջանական կողմի մոտեցումները մի քիչ այլ են` ըստ Եղիազարյանի, և հենց բանակցային գործընթացների ժամանակ են նրանք դիմում նման գործողությունների, որովհետև բանակցային գործընթացներում նրանք հիմնականում տանուլ են տալիս:

Անդրադառնալով ՀՀ ՊՆ հաղորդագրությանը, ըստ որի` հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը, Արթուր Եղիազարյանը ասաց. «Հայաստանի պաշտպանության նախարարության նման մոտեցումները շատ ճիշտ են, դա վաղուց պետք է արվեր: Դա չի նշանակում` լայնամասշտաբ պատերազմի ենք անցնում: Թեև, եթե անկեղծ ասեմ, արդեն վերապահումով ես մոտենում` արժե՞, թե՞ չարժե գնալ լայնամասշտաբ գործողությունների, որովհետև, եթե տարիների կտրվածքով ես նայում նման միջադեպերին և զոհերի թվին, ապա ինչո՞վ են այսքան տարիները զիջում բուն 90-ականների սկզբի պատերազմական գործողությունների ցուցանիշներին, զոհերի թվին: Ու ինչքա՞ն է սա շարունակվելու` այս տեմպով զոհեր տալը: Մեկ-մեկ, որ ասում ենք` կներքաշվենք պատերազմի մեջ, ախր պատերազմը չի ավարտվել, որ սկսվի, սա ուղղակի պայմանական հրադադար է, որն օրեցօր ավելի է խախտվում, և այսօր լոկալ պատերազմի մեջ ենք` ամեն օր ինչ-որ հատվածում, հատկապես` անցած տարվանից սկսած»:

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ադրբեջանական ագրեսիան կապ ունի արտգործնախարարների հանդիպման կամ նախագահների հավանական հանդիպման հետ, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ միայն այդ հանդիպումներով չի պայմանավորված այդ ագրեսիան, թեև նման հանդիպումներից առաջ Ադրբեջանը նույնատիպ ձեռագիր է ձեռք բերել:

Արթուր Եղիազարյանը հավելեց, որ ինքը լուրջ ակնկալիք չունի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումից: «Պետք է արդեն ոչնչացնել այն կետերը, որտեղից խոցում են մեզ: Եվ արդեն նրանց իշխանությունները չեն կարող թաքցնել ամեն ինչ, ինչն էլ կհարուցի ադրբեջանական հանրության դժգոհությունը: Կարելի է ասել, որ մենք սրանով կպաշտպանենք նաև Ադրբեջանի ժողովրդին ապագա պատերազմի մեջ ներքաշվելուց, որովհետև եթե այսօր նման հարվածներ չտանք, ապա հետո` լայնամասշտաբ գործողությունների ժամանակ, նրանք 1000-ներով են զոհեր տալու: Սա ոչ թե համարժեք հակահարված է, այլ` նրանց մոտեցումները, նրանց ձեռագիրը փոխելու հակահարված: Նրանք պետք է հասկանան, որ այլևս չարժե խփել հայկական սահմանին, պետք է հասկանան, որ եթե իրենք խփեն, ավելի վատ հետևանքներ են ունենալու»,- ասաց Արթուր Եղիազարյանը: