Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-05-05 22:40
Հասարակություն

Պատասխանատվություն ստանձնող թեկնածուներ շատ կան. Ասպրամ Կրպեյան

Պատասխանատվություն ստանձնող թեկնածուներ շատ կան. Ասպրամ Կրպեյան

Ընդդիմությունն սկսել է քննարկումները ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուների շուրջ, թեկնածուներ կան.

«Շատ քննարկումներ են տեղի ունենում, պատասխանատվություն ստանձնող թեկնածուներ շատ կան, բայց անուններ չեմ կարող հրապարակել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի ներկայացնում հստակ ծրագիր՝ իշխանության գալու դեպքում ինչպես է լուծելու երկրում առկա խնդիրները, Ասպրամ Կրպեյանն ասաց, որ տարբեր հարցերի վերաբերյալ համապարփակ լուծումներ առաջարկվել են.

«Սա դնելով մի կողմ՝ ես ուզում եմ այս պահին կարևորել մի բան, որ այս օրհասական պահին յուրաքանչյուր հայ ստանձնի իր բաժին պատասխանատվությունը: Դուք Նիկոլին և իր հանցախմբին կա՛մ դեմ եք, կա՛մ կողմ եք, երրորդ տարբերակ չկա»,-ասաց Ասպրամ Կրպեյանը:

Նշենք, որ երեկ ընդդիմությունը երկարատև դադարից հետո գնաց խորհրդարան և հրաժարականի հանրային պահանջ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ խորհրդարան էին գնացել՝ արժանապատիվ հայերի արդարացի պահանջը ներկայացնելու իշխանությանը և նրանց հնարավորություն տալու՝ խաղաղ ճանապարհով լուծել առկա ճգնաժամը.

«Մեզ մեղադրում էին, թե համարձակություն չունենք գնալ խորհրդարան և ասել այն, ինչ ասում ենք հարցազրույցների ժամանակ, բայց մենք գնացինք, կանգնեցինք թուրքահպատակ հանցախմբի պարագլխի առջև՝ ասեցինք այն ամենը, ինչ ասում ենք ամեն օր: Հանցախմբի պարագլուխը պետք է օր առաջ հրաժարական տա, պետք է ձևավորվի ազգային համերաշխության կառավարություն, որը կկարողանա սպասարկել հայկական շահը »,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով երեկ խորհրդարանում ՔՊ-ականների ծափահարություններին և վանկարկումներին՝ պատգամավորն ասաց՝«իրենք ծափահարում էին Արցախը հանձնելու, 5000-ից ավել երիտասարդների սպանդի ուղարկելու համար, հայրենազրկման, ամոթի, մահվան, անարժանապատիվ կյանքի տոնախմբություն էին երեկ կազմակերպել».

«Բոլորը տեսան՝ ինչքան թշվառ վիճակում էին նրանք, առաջինը փախուստի դիմեց հենց հանցախմբի պարագլուխը՝ իր թիկնազորով շրջապատված, երեկ հանրապետության ոստիկանության բոլոր ուժերը կենտրոնացած էին ԱԺ-ում՝ մեկ նպատակով՝ ոչ թե ժողովրդավարությունն էին պաշտպանում, այլ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող հանցախմբին»,-ասաց Ասպրամ Կրպեյանը:

Աղբյուր` Փաստինֆո