Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում տեղակայւած ռուսական խաղաղապահ ուժերի կողմից Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամաւորների մուտքն Արցախի Հանրապետութիւն արգելւեց։ Սա անշուշտ նորագոյն, զաւեշտալի եւ գերվտանգաւոր նախադէպ է, որն դեռեւս կարող է աւելի մեծ վտանգների դուռ բացել Հայոց Արծւաբոյն Արցախի առանց այն էլ վիրաւոր ու լքեալ իրավիճակի առջեւ։
Աննախադէպ եւ կրկնակի զաւեշտալի էր դեռ մինչ այդ Երեւանի կենտրոնում իսկ, Արցախի դրօշի պղծումը հայանուն արկածախնդիրների կողմից։ Սա էլ իր հերթին բերեց նրան, որ Հայաստանաբնակ հայորդիներ պարտաւորւեն Հայրենի Արցախ պաշտպանել բուն Հայրենիքում՝ հայրենադաւներից...!!!
Միւս կողմից, Պառլամենտակա՜ն Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր պատգամաւորները եւս պարտաւորւեցին Արցախ պաշտպանել՝ ի սկզբանէ Արցախեան 30-ամեայ գլխացաւանքից ազատւել փափագող մեծամասնական ՔՊ-ականներից, որոնք զգուշացնում էին ընդդիմադիրներին, որ վերջիններիս պահւածքը խրտնեցնելու է Ադրբեջանին ու ձախողելու է իրենց խաղաղասիրական քայլերը...։ Այնուհետեւ ընդդիմադիր պատգամաւորները ի բողոք իշխանական մեծամասնականների կեցւածքի լքում են ԱԺ դահլիճն ու յայտարարում յաջորդ օրն իսկ Արցախ զօրակցական այց կատարելու մասին, որն էլ ինչպէս սկզբում նշւեց՝ աննախադէպօրէն արգելւեց։
Պարտւած, ծնկի եկած ու վախւորած իշխանութիւնների «խաղաղութեան սիրոյն» լոզունգները մէկ կողմից, իսկ մի շարք առկայ փաստերի համադրումը միւս կողմից, վկայում են այն մասին, որ Կապիտուլանտ իշխանութիւններն ու Նիկոլ Փաշինեանը հերթական ստւերային համաձայնութեան են եկել Ադրբեջանի իշխանութիւնների եւ Ալիեւի հետ՝ դէպի Արցախ տեղաշարժի (յատկապէս պետական-քաղաքական մակարդակով) սահմանափակումներ մտցնելու եւ Արցախը փաստացի մեկուսացնելու առումներով։ Յատկապէս, որ տւեալ միջադէպը կրկին ահազանգում է այն մասին, որ ՀՀ իշխանութիւններն արդէն համաձայնւել են յանձնել Արցախը...։ Այլապէս՝ ինչպէս բացատրել ապրիլի 12-ի առաւօտւանից միաժամանակ ՔՊ-ական պատգամաւորների եւ ադրբեջանական պատասխանատուների նոյնաբովանդակ յարձակումները՝ ընդդիմադիր պատգամաւորների վրայ, որոնք այցելում էին Արցախ:
Այս առնչութեամբ տեղին է յիշել նաեւ ՔՊ-ականների կնքահայր ԼՏՊ-ի անցեալ շաբաթւայ յայտարարութիւնն (Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին իր տանը ընդունելութեանը) միեւնոյն «խաղաղութեան եւ Ադրբեջանին չգռգռելու» մասին ...
Սիրելի ընթերցող, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «խաղաղութեան» համաձայնագրեր կնքել կամեցողների «հիմնաւորումները» լկտիութեան մարմնացումն են, իսկ լաւագոյն դէպքում իրենց ապիկար ու ապազգային իշխանութեան պահպանման գնով՝ հայրենակործանման տանող պոպուլիզմ...
Որովհետեւ նոյն «խաղաղութեան» հիմնաւորումներով, առանց այն էլ մինչ օրս նախապայմաններ պարտադրած Թուրքիան, կարող է պահանջել ՀՀ «խաղաղասէր» իշխանութիւններից, որ վաղը, միւս օրը երեւանեան փողոցներում Ապրիլ 24-եան ցոյցեր ու պահանջատիրական ակցիաներ չլինեն, յատկապէս երբ ՔՊ-ական իշխանատենչները օր առաջ փափագում են մայրաքաղաք Երեւանում բացումը նշանաւորել «խաղաղութեամբ» հարեւանութիւն անող Թուրքիայի դեսպանութեանը...Դրան էլ զուգահեռ, այո՛, երկօրեայ հերթական խորհրդատւութեան համար ԱՄՆ-ից Երեւան կը ժամանի ԼՏՊ-ի ջատագով-խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը եւ երկուսով կը յայտարարեն, որ ազգային-քաղաքական շրջանակները զգուշաւոր լինեն Պահանջատիրական ու Հայոց Ցեղասպանութեան մասին յայտարարութիւններում... ու Հայ Դատի հարցով թողնել, որ լոկ Սփիւռքն զբաղւի, ինչպէս որ վերջերս բառացիօրէն մատնանշեց Նիկոլ Փաշինեանը կառավարութեան նիստերից մէկում...:
Եւ իսկապէս այս իշխանութիւնների գործունէութեան ու քայլերի շարունակականութիւնը անխուսափելիօրէն բերելու է նրան, որ բուն Երեւանում Հայոց Ցեղասպանութիւնը նշանաւորւելու է նոյն լիպարիտեանական ֆորմատով հայեւթուրք «պատմաբանների» սեմինարներում միայն ու ոգեկոչւելու է լոկ եկեղեցիներում ու Ծիծեռնակաբերդի համապատասխան թանգարանում... Ջահերով երթն էլ համարւելու է տեռորիզմ..., որն վտանգում է «տարածաշրջանի խաղաղութեա՜նը»...։
.... Արդէն կարելի է պատկերացնել, թէ ի՜նչ հրճւանքով ու բաւարարւածութեամբ են շնորհաւորելու թաւիշներո՜վ օծուն «Նոր Հայաստանի ժողովրդավարութիւնը» ԱՄՆ, Եւրոմիութեան եւ յատկապէս Մեծն Բրիտանիայի դեսպանները...:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ