Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև հավաքն առաջին հերթին Արցախին մենակ չթողնելու, չլքելու մեր կամքն է, և անշուշտ Արցախի մեր սիրելի հայրենակիցներին զորակցության հավաք է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։
Վաղը՝ ապրիլի 14-ին, ՀՀ ժամանակով 20։00-ին, ֆրանսահայերը բողոքի հանրահավաք կանցկացնեն Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև։ Հրաչ Վարժապետյանն ասաց՝ այդտեղ են հավաքվելու, պարզապես որովհետև մեր հիմնական թշնամին թուրքն է, այս պարագայում՝ Ադրբեջանը՝ Արցախի և հայության դեմ ուղղված իր քաղաքականությամբ։
Հավաքի մեկ այլ ասպեկտ է ՀՀ իշխանությունների սկսած, ֆրանսահայերի համոզմամբ, կեղծ խաղաղասիրության գործընթացի դեմ բողոքելը։ Հրաչ Վարժապետյանն ասաց՝ դա անընդունելի է իրենց համար և վաղվա հավաքը նաև այդ իմաստով է իրենց համար կարևոր։
«Այս բոլորի վրա ավելանում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մուտքի արգելակումը։ Ճիշտ է, որ ռուս խաղաղապահ զինվորներն են արգելակել, բայց ակնհայտ է, որ դա եղել է նաև Հայաստանի իշխանությունների պահանջը։ Սա ապացուցում է, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը, որ տեղի ունեցավ Բրյուսելում, ունի նաև տողատակից, սեղանի տակից որոշ համաձայնություններ, որոնց մեջ նաև երեկվա ակտն էր»,-ասաց նա։
ՀՀ ԱԺ պատգամավորներին Արցախ չթողնելը առաջին հերթին ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության խնդիր է, վստահեցրեց նա, որովհետև պատգամավորն ընտրվում է ժողովրդի կողմից, ներկայացնում է ժողովրդին, և պատգամավորին արգելելը, որ գնա իր հայրենիքի մի մասը, անընդունելի է։
«Կտեսնենք ՀՀ իշխանությունների կողմից դավադիր ձեռքեր, որի դեմ ևս վաղը պիտի արտահատվենք և ասենք, որ ֆրանսահայության կարևոր մասը՝ Դաշնակցության ամբողջ ընտանիքը, դեմ է։ Եվ պիտի շարունակենք մեր պայքարը հանուն Արցախի հայկականության, «ո՛չ» ասելու Արցախի թրքացմանը, և բնական է, որ մեր ձայնը լսելի պիտի դառնա ամբողջ Սփյուռքի տարածքում, և պետք է պայքարենք մինչև վերատիրանանք մեր իրավունքներին»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ՀՀ իշանություները իրավունք չունեն հայ ժողովրդի անունից խոսելու, հայտարարեց նա, հայ ժողովրդի կարևոր մասնիկն է Սփյուռքը, և իրենք «ո՛չ» են ասում Փաշինյանին և իր թրքամետ քաղաքականությանը։
«Ոչ մեկ ձևով Արցախի այլ կարգավիճակ ընդունելի չէ մեզ համար՝ ոչ Ադրբեջանի կազմում, ոչ այլ ձևով, Արցախը պիտի դառնա անկախ և Արցախի ինքնիշխանությունը մենք Սփյուռքի մեջ պիտի հետապնդենք բոլոր պատկան մարմինների մոտ, բոլոր Արևմտյան իշխանությունների մոտ, նույնիսկ եթե ՀՀ իշխանությունները դժվարացրել են մեր այդ աշխատանքը իրենց վարած ապիկար քաղաքականությամբ։ Բայց մենք պիտի շարունակենք պահանջել Արցախի անկախությունը, շարունակենք պնդել, որ Արցախը հայկական է, պիտի մնա հայկական, և Արցախի այլ կարգավիճակ մեզ համար ընդունելի չէ, հատկապես Ադրբեջանի կազմում լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։
Հա վստահեցրեց, որ «խաղաղության դարաշրջանի» գինը չի կարող լինել Արցախը, մանավանդ որ դա կեղծ օրակարգ է։
«Ո՞ր խաղաղության մասին է խոսքը․ երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ին հայտնվեց Հայաստանի իշխանության գլխին՝ Հայաստանի մեջ խաղաղության մասին խոսելը արդեն ծիծաղելի երևույթ էր․ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ ոչ թե խաղաղություն, այլ միայն չարիք և պատերազմ բերեց Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, ի՞նչ կեղծ խաղաղության մասին է խոսքը, ի՞նչ ստապատիր խաղաղության մասին է խոսքը, և ո՞ւմ հետ խաղաղության մասին է խոսքը․ Թուրքիան է՛, Ադրբեջանը է՛ և կմնա հայ ժողովրդի և հայության թշնամին , որքան էլ Նիկոլ Փաշինյանը երգի իր խաղաղության հեքիաթը։ Իսկ այդ խաղաղությանը հարվածողը միայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են, որ միայն վտանգել են ՀՀ խաղաղությունը և 5 հազար զոհ են բերել հայ ժողովրդի վրա։ Մենք ասում ենք՝ ո՛չ, այդպիսի խաղաղություն չկա, խաղաղություն կլինի, միայն երբ այդ խաղաղությունը հաստատվի ուժով՝ մեր ուժով և մեր պայմաններով»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։
Նա վստահեցրեց, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ստել, որ 30 տարի միջազգային հանրությունը չի ընդունել Արցախի ինքնորոշումը, իրականությունը հակառակն է՝ Արցախի ինքնորոշումը անհեթեթ չի կարող լինել՝ ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի խնդիր է։
«Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի և իր շրջանակի այն տրամաբանությանը, թե 30 տարի միջազգային ընտանիքը իբրև թե համոզված է, որ Արցախը Ադրբեջանի մաս կազմող մեկ բաժինն է, սո՛ւտ է՝ այդպիսի բան լինել չի կարող․ մենք կարող ենք հաստատել արևմտյան պետությունների մեջ Հայ Դատի մեր աշխատանքների ճամփով, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ճամփով, քաղաքական մեր հարաբերությունների ճամփով, որ Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, Եվրոպայի տարբեր պետությունների ներկայացուցիչների մոտ մեր խոսակցությունների ընթացքում նման բան չի եղել, ընդհակառակը, գերմանացի, ֆրանսիացի, բելգիացի, շվեդ, լիբանանցի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի ընտրված պատգամավորները այցելել են Արցախ, մաս կազմել Ադրբեջանի սև ցուցակին։ Այս բոլորը փաստում են հակառակը, ինչ կուզե սուտ ձևացնել Փաշինյանը և իր շրջանակը, այդպիսի բան գոյություն չունի միջազգային ընտանիքի մոտ, ընդհակառակը, կոնկրետ ֆրանսիացիների համար Արցախը է՛ և կմնա հայկական, կպատկանի հայության»,-վստահեցրեց Հրաչ Վարժապետյանը։
Նա խոսեց նաև Արցախյան հիմնահարցը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում լուծելու անհրաժեշտության և հնարավոր լինելու մասին՝ հակառակ Արևմուտքի հակառուսական դիրքորոշմանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տսանյութով․