|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:
«Մենք ողջունեցինք Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման և սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման դրական քայլը: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշել է պետքարտուղարը՝ մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», - փոխանցել են ամերիկյան դեսպանությունից: