կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 22:47
Հասարակություն

Այս իշխանությունը չունի քաղաքական կամք, վճռականություն եւ հստակ ձևակերպված օրակարգ

«Հերթական հանդիպումն էր, որտեղ, իմ կարծիքով, արտացոլված չէին Հայաստանի շահերը», – «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում անդրադառնալով Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նաև նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե Փառուխի դեպքերի թեման պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում քննարկել, որովհետև խոսքն այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, իրեն «չբավարարեց»:

«Չբավարարեց այդ բացատրությունը, որովհետև շատ կարևոր էին այն պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հնչեցվել էին: Այդ հայտարարություններից բացակայում էին մի քանի կարևոր կետեր: Առաջինը՝ այդ փաստաթղթում չկար ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանում հարցը լուծելու պատրաստակամություն, սա, մեր կարծիքով, լուրջ բացթողում է: Երկրորդը՝ չկար գերիների վերադարձի մասին, չկար դատապարտող կետ այդ հայտարարությունում Ադրբեջանի վերջին ագրեսիայի և գործողությունների վերաբերյալ», – ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին, ԱԺ փոխնախագահը նշեց. «Սրա համար պետությունը պետք է ունենա հստակ պահանջ, մի օր կիսատ մի բան ասում են, հաջորդ օրը փոշմանում են: Գոյություն ունի Ազգային ժողովի հարցուպատասխանների բազմաթիվ հարցապնդումներ, որ վեր կացեք, շատ հստակ ձևակերպեք, որ որևէ պարագայում Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, և սա մեր գլխավոր սկզբունքներից մեկը այդ բանակցությունների ժամանակ»:

Սաղաթելյանի պնդմամբ՝ «այս իշխանությունը չունի քաղաքական կամք, վճռականություն եւհստակ ձևակերպված օրակարգ թե ինչ է ուզում ինքը»:

Օգտատերերից մեկի հարցին՝ հանրահավաքի իմաստը ո՞րն է, նոր պատերա՞զմ, կա՞ն ծրագրերը, որոնք կտանեն առանց պատերազմի Արցախի անկախության, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Սա Նիկոլի ու իր թիմի թեզն է՝ եթե մենք ասում ենք, որ Արցախը պետք է մնա հայկական, ուրեմն դա կբերի նոր պատերազմի, սա մեր ժողովրդին մոլորության մեջ գցելու, երկիրը դեպի անդունդը տանելու ճանապարհ է»:

Սաղաթելյանն ընդգծեց՝ հանրահավաքը ոչ թե սադրանք էր պատերազմելու, այլ՝ պատերազմները կանխելու:

«Ինչ է իրականում տեղի ունենում, մեզ ասում են, որ ինչ ուզում են պիտի զիջենք, հակառակ դեպքում կլինի պատերազմ: Էս տրամաբանությամբ մենք իբրև ժողովուրդ պետք է որոշում կայացնենք, եթե ուզում ենք դասվել աշխարհի այն ժողովուրդների շարքին, ովքեր չունենք հայրենիք և պետություն, կարող ենք գնալ այդ ճանապարհվ, եթե պետք է շարունակ զիջենք, որ պատերազմ չլինի, դա խաղաղություն չի: Էդ ճանապարհով մենք պարզապես կդառնանք մի թափառական ժողովուրդ», – ասաց նա:

Ըստ Սաղաթելյանի, եթե լինի համաժողովրդական պատրաստակամություն, քաղաքական կամք և վճռականություն, որ պետք է պաշտպանել մեր երկիրը, «դրանով մենք կանխելու ենք պատերազմը»:

Մանրամասները՝ տեսանյութում