Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 21:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրահավաքը միայն Արցախին թիկունք կանգնելու համար չէ՝ Վերին Շորժայից մինչև Մեղրի վտանգված են․ Նժդեհ Գարագավորյան

Մի քանի ժամում կարելի է ազերիաթափել Քարագլուխը, եթե քաղաքական վերնախավը կանաչ լույս տա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության ատենապետ  Նժդեհ Գարագավորյանը, որը կուսակցական ընկերների հետ Արցախում սոցիալական ծրագիր են իրականացնում՝ գազատարը Ադրբեջանի կողմից փակելուց հետո։  

Նա փաստում է, որ, իսկապես, Քարագլխի որոշ հատվածներ ու Փառուխը Ադրբեջանի վերահսկողության տակ են, բայց արցախցիները վճռական են թշնամուն դուրս շպրտելու։

Նժդեհ Գարագավորյանի հագուստի վրա գրված է «Դիմադրություն» կոչը․ նա ոչ միայն անիմաստ չի համարում հենց այսօր ոտքի կանգնելն ու դիմադրելը, այլև հույսը կորցրած մարդկանց հրավիրում է Արցախի սահմանամերձ գյուղեր։

Ֆրանսահայ դաշնակցական երիտասարդը համոզված է, որ արցախցիներին գազի բալոններ հասցնելու իրենց սոցիալական ծրագիրը ևս դիմադրության շարժման մի դրսևորում է։

«Դիմադրությունը գազի բալոնից կարող է հասնել լայնածավալ կռվի ու պայքարի, մենք մեր կարելիին չափով օգնելու ենք»,-ասաց նա։

Վաղը Բրյուսելում ՀՀ վարչապետ Փաշինյանն ու ԱՀ նախագահ Ալիևը հանդիպելու են․ Արցախում գտնվող Նժդեհ Գարագավորյանն ասում է՝ Արցախում նույնպես կանխատեսումները հուսադրող չեն․ մարդիկ սպասում են, որ Բրյուսելում պաշտոնական Երևանը մեկ անգամ ևս փորձելու է դավաճանել արցախցուն։

«Եթե Նիկոլ Փաշինյանը այնքան էլ անընդունելի չի համարում Ադրբեջանի 5 կետերը, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ինքն արդեն կողմնակից է Արցախի հայաթափման։ Պետք է մտածել՝ ինչպես Արցախի ժողովուրդը չենթարկվի Երևանի դավաճանական իշխանության տխրահռչակ որոշումներին»,-ասաց նա։

Նժդեհ Գարագավորյանը հնարավոր լուծում է համարում վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Երևանում ընդդիմության հրավիրած լայնամասշտաբ հանրահավաքին մասնակցելը, որովհետև համոզված է, որ այն միայն Արցախին թիկունք կանգնելու համար չէ՝ Վերին Շորժայից մինչև Մեղրի վտանգված են։

«Կա աննախադեպ վտանգ, կա 2020 թ-ից հետո աննախադեպ լարված իրավիճակ, և այս ամենը կարող է շատ հուզիչ սցենար հիշեցնել։ Ճիշտ այսօր հիշում ենք Ցեղասպանության օրերը, երբ կային մարդիկ, որոնք, դժբախտաբար, հավատացին, որ թուրքի հետ կարելի է բարեկամության գնալ։ Այսօր, երբ թուրքերը օրական մորթում են մեր զինվորներին, երբ ամեն օր փորձում են առաջ գալ, և բացահայտորեն անարգում են ռուսական ներկայությունն Արցախում,  մենք միայն մեկ ձև ունենք այս իրավիճակից դուրս գալու կամ  նվազագույն բարելավված իրավիճակ ստեղծելու․ դա բացահայտ և ընդարձակ դիմադրության շարժումն է»,-ասաց նա։

Նժդեհ Գարագավորյանը համոզված է, որ վաղը Երևանում կայանալիք հանրահավաքը մեր ժողովրդի գիտակցական քննությունն է լինելու՝ արդյո՞ք մեր հայրենակիցները գիտակցում են, որ եթե ամենաարագ կերպով իշխանափոխություն չլինի, մենք կրկին ունենալու ենք անդառնալի կորուստներ։

«Հուսով եմ, որ կա այդ գիտակցությունը, հուսով եմ, որ վաղը կդառնա հայկական զարթոնքի նոր թվական՝ ոսկե թվական, և հուսով եմ, որ Արցախը, Սփյուռքը և Հայաստանը մեկ անգամ ևս իրենց եռամիասնությամբ հավատարմություն կհաստատեն իրենց բոլոր հավաքական իղձերի և նպատակների նկատմամբ»,-ասաց Նժդեհ Գարագավորյանը։  

Նա արձանագրեց, որ մենք չենք փակել 2020 թ-ի նահատակների էջը և չենք մոռացել գերիներին, որոնք ամեն օր չարչարվում են Բաքվի բանտերում։ Նա նշեց, որ 1915թ-ից մինչև վերջերս անմարդկային չարչարանքներով սպանված մեր հայրենակիցների ցավն ու վիշտը մենք չենք մոռացել։

«Վրեժով պիտի առաջ ընթանանք․ մեր բարեկեցությունը պետք է կախված լինի մեր դիմադրության շարժումից»,-փաստեց Նժդեհ Գարագավորյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․