Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպեսզի խաղաղության Աստվածը մեզ հետ լինի, պետք է միաբանվենք համազգային կուռ դաշինքով՝ պատրաստ ամենայն աղետի, պատերազմի ու դավադրության: Պետք է թշնամու դեմ միասնաբար հառնել զինական ու ոգեկան ուժով, քաջաբար եւ հաղթելու անկոր վճռականությամբ: Մեր դարավոր թշնամին սարսում է մեր միացյալ զարկից: Խաղաղությունն արարում են մարտնչողները, անձնուրացները, հայրենասերներն ու երկրապահները: Հայոց խաղաղությունը հզոր ու պայքարող հայն է կերտում:
Որպեսզի խաղաղության արեւը շողա Հայաստանում եւ Արցախում, պետք է Երկիրը մաքրել անկամ ու ողորմելի, տգետ ու ունայնամիտ, ազգուրաց ու թշնամահաճո, չար ու դավադիր կառավարիչներից, նրանց հայտարարել օրենքից դուրս եւ զրկել գործելու իրավունքից ու հնարավորությունից: Պետք է արմատախիլ արվի նրանց «եղծ աղանդոցը»:
Որպեսզի խաղաղության հրեշտակները թեւածեն Հայոց աշխարհում, պետք է Հայրենքին ու Երկրին վերաբերվել որպես սուրբ աստվածությունների: Հայրենիքի ու Երկրի իրավունքը վեր է մնացյալ իրավունքներից: Հայրենիքի ու Երկրի գոյության օրենքը գերակա է պետական ու հասարակական կարգի ամենայն օրենքի վրա: Հայրենիքի ու Երկրի առաջ պետք է ստորադասվի ամեն ինչ՝ իշխանություն, հարստություն, ընտրական համակարգ թե ժամանակակից այլ քաղաքական «նորաձեւություններ»: Հայրենիքի ու Երկրի ամբողջության ու խաղաղության համար ընդունելի է ցանկացած քայլ, որ կամրապնդի պետականությունն ու սահմանները: Հայրենիքի համար չկան օտարված, խորթության մատնված կտորներ, սուրբ է ամեն մի թի՛զը Արցախում, Սյունիքում, Տավուշում…
Որպեսզի խաղաղությունն ամուր ու անսասան լինի, պետք է ազնվաբար ու եղբայրաբար հարաբերվել դաշնակիցների ու բարեկամ հանրույթների հետ, նրանց հետ հաց կիսել, ճանապարհ անցնել եւ հարկ եղած դեպքում կռվել միասնաբար, նաեւ՝ հանուն նրանց:
Որպեսզի խաղաղության ու բարօրության ժամանակները տեւեն Հայկական աշխարհում, պետք է հայ մարդու հոգին ու միտքը մաքրել օտարական աղտից, նրանց պատասխանատու կարգել հայրենի երկրում կատարվող ամենայն վատի ու լավի համար: Հայոց երկրում խաղաղությունն ու բարին բերում է հայ մարդը: Օտար բոլոր հոսանքները թուլացնում ու ապականում են հայրենական մարմինը:
Որպեսզի խաղաղության Աստվածը մեզ հետ լինի ընդմիշտ, պետք է ամեն օր կռվել հայրենի երկրի համար՝ զենքով, գիտությամբ, աշխատանքով, ստեղծարարությամբ: Հայրենիքը չի ներում անբաններին ու մորթապաշտներին, վախկոտներին ու դավաճաններին, շառլատաններին ու սինլքորներին: Հայրենիքը փայփայում է իրեն կերտողներին ու պահապաններին:
Հրանտ Ալեքսանյան
Գրող, հրապարակախոս