կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 15:45
Քաղաքական

Ռուսաստանի ու Արցախում ռուս խաղաղապահների դեմ տոտալ քարոզ են տանում․ Անդրանիկ Թևանյան

Ռուսաստանի ու Արցախում ռուս խաղաղապահների դեմ տոտալ քարոզ են տանում․ Անդրանիկ Թևանյան

Ռուսաստանի ու Արցախում ռուս խաղաղապահների դեմ տոտալ քարոզ են տանում և աշխատում՝

–Ուկրաինան (հասկանալի պատճառներով)

–Արևմուտքը (սեփական շահերից ելնելով),

–Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ (սեփական շահերից ելնելով),

–թուրքական պրոքսի պետություն Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ (Թուրքիայի ու Բրիտանիայի հուշարարությամբ և ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացելու ծրագրի շրջանակներում),

–ՀՀ իշխանությունները, իշխանամերձ քարոզիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (ՀՀ շահերից չբխող, սեփական աթոռային շահերին ու թուրքական օրակարգին համապատասխանող տրամաբանությամբ),

–Հայաստանի «արևմտամետները»՝ թուրքամետները, ֆեյսբուքյան ռենեգատները և մի կին՝ «ատամնատեխնիկ» (թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային կցվելով)։

Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների գործունեության մասով բազմաթիվ հարցեր կան (մասնավորապես՝ Փարուխում, Քարագլխում տեղի ունեցածի մասով)։ Մեր հարաբերությունները «բնական դաշնակցայինից» Փաշինյանի օրոք վերածվել են «ստիպված դաշնակցայինի», բայց սա այլ խոսակցության թեմա է։

Այս պահին փաստն այն է, որ Արցախում դեռ հայեր են ապրում (նիկոլենց որ մնար, ամեն ինչ կհանձնեին) ու ՀՀ անվտանգությունն ապահովվում է բացառապես ռուսական գործոնի շնորհիվ (Սյունիքի պահպանման մասով անգնահատելի է նաև Իրանի դերը)։

Արևմուտքը մեր բարեկամն է ու գործընկերը, բայց անվտանգության հարցերում նա որևէ երաշխիք չի կարող տալ։

Մեր տարածաշրջանում Արևմուտքն աշխատում է Թուրքիայի միջոցով՝ այդտեղից բխող բոլոր եզրահանգումներով։ Արևմուտքը ՀՀ–ի դեմ ոչինչ չունի։ Այլ հարց է, որ ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում Արևմուտքը չի էլ նկատի ՀՀ–ի կործանումը, քանզի խաղում է Թուրքիայի ձեռքերով։

ՀՀ–ի կործանումից ու հայերի հերթական ցեղասպանությունից հետո Արևմուտքը կցավա, օգնություն կտա, սրտաճմլիկ գրառումներ կանի սոցցանցերում, բայց իր նավերը մեր լեռները չի բարձրացնի։ Մի՞թե այս պարզ բաները կարիք կա բացատրելու։

Ու այս պայմաններում աշխատել ՀՀ–ի միակ դաշնակից ՌԴ–ի դեմ ու սպասարկել թուրքական օրակարգը, նշանակում է աշխատել Հայաստանի ու Արցախի դեմ։ Առնվազն անմեղսունակ պետք է լինել այս ամենը չհասկանալու համար։

 

Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր