Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում․ ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում․ այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը եւ, ի վերջո, ինքը նորոգեց։ Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական, եւ ահա մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին, առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը:
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում: Մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում, եւ օդի ջերմաստիճանը աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման եւ ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր, եւ ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1,5 մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի: Օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից: Սա բավարար է՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր այս գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց 100-ավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում:
Ադրբեջանն արդեն 1,5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020-ի 44-օրյա պատերազմում: Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»: