կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 02:57
Հասարակություն

Սյունիքը բնապահպանական աղետի շեմին

Սյունիքը բնապահպանական աղետի շեմին

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Կապանի Շահումյան եւ Բանավան թաղամասի բազմամետաղային հանքը բաց եղանակով շահագործելու մասին իրենց մտահոգություննրը արտահայտեցին «էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ-ի անդամները:  Ըստ նախնական տվյալների` մինչեւ տարեվերջ հանքավայրը բաց եղանակով շահագործվելու է, ինչն, ըստ բնապահպանների, հսկայական բնապահպանական եւ առողջապահական խնդիրներ կառաջացնի Սյունիքում։ Բնապահպանների հետազոտություններով` Սյունիքի որոշ տարածաշրջաններում ջրի, հողի եւ սննդամթերքի մեջ ծանր մետաղների առկայությունը սահմանային թույլատրելի նորման գերազանցում է մի քանի անգամ։ Նրանց խոսքով, պատասխանատու պետական գերատեսչությունները չեն հետաքրքվում հիմնախնդրով։ «Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ-ի անդամները ստացել են ահազանգեր, ըստ որոնց՝ հանքի շահագործման արդյունքում Կապանում 50 հազար ծառ է հատվելու։ Սակայն Կապանի քաղաքապետը հերքել է` ասելով, որ 7000 ծառի է հատվելու: «Մենք հարց ենք տալիս մեր կառավարությանը՝ արդյոք կառավարությունը միայն հանքեր շահագործելու մասի՞ն է մտածում եւ ոչ թե ժողովրդի առողջության»,– ասաց դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:

 

Բնապահպանները տեղեկացրեցին, որ դիմելու են Եվրոպական բանկին եւ կանադական ներդրողներին` ներկայացնելով վիճակն ու պահանջելով չֆինանսավորել: