կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 16:34
Առանց Կատեգորիա

Պետք է՝ ուրիշ բան էլ թափ տվեք, ձեզ չեն դատի. Ոստիկանության և Դատախազության պատասխանը

Պետք է՝ ուրիշ բան էլ թափ տվեք, ձեզ չեն դատի. Ոստիկանության և Դատախազության պատասխանը

Ազգային ժողովում մարտի 2-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նախապես ներկայացնելով, որ, ի թիվս բազմաթիվ թանկացումների, Հայաստանում ապրիլի 1-ից կթանկանա նաև գազի սակագինը։ Իսկ հետո հարցրեց՝ արդյոք ունե՞ն գնահատականներ, թե ինչ հետևանքներ է ունենալու գազի թանկացումը տնտեսության վրա, արդյո՞ք Կառավարությունը քայլեր, մեխանիզմներ մշակում է։ 

«Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների աղետալի հետևանքներն իրենց վատ անդրադարձն են ունենալու ՀՀ տնտեսության վրա։ Մասնավորապես՝ ինձ անհանգստացնում է, թե հացահատիկի մասով ի՞նչ քայլեր եք ձեռնարկում․ Ռուսաստանի դեմ խստացվում են պատժամիջոցները, եթե հերթը գա, հասնի հացահատիկի խնդրին, Ռուսաստանի կառավարությունը, բնականաբար, իր քաղաքացիներին է սպասարկելու, և քանի որ դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, նաև թշնամուն թողեցիք հացահատիկի պաշարները։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, գոնե այս մասով մշակո՞ւմ եք, թե ՀՀ քաղաքացու անվտանգությունը  ոնց եք սպասարկելու, թե՞ նորից ասելու եք, որ դուք համար մեկ պատասխանատուն եք, բայց համար մեկ մեղավորը չեք»,- իր հարցադրման մեջ նշել  էր պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը պատգամավորի շատ կոնկրետ և հասարակությանը մտահոգող հարցերին պատասխանելու փոխարեն, առանձնակի կատաղությամբ թափ տալով մատը, շարունակեց իր «հին օրերի երգը»՝ վերստին հիշելով նախկին նախագահներ Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին և մեղադրելով նրանց: 

Արձագանքելով Փաշինյանին՝ Հռիփսիմե Ստամբուլյանը նրան զգուշացրեց, որպեսզի Ազգային ժողովում մատ թափ տալով և բարձր տոնով չխոսի պատգամավորների հետ. «Նկատի ունեցեք, որ Դուք գործադիր եք և իրավունք չունեք մատ թափ տալով ու բղավելով պատասխանել այն հարցերին, որոնք բարձրացվում են մեր կողմից։ Երկրորդ, ի վերջո կպատասխանե՞ք՝ ՀՀ քաղաքացու համար ի՞նչ եք անում․․․ Ձեր ձայնի տոնայնությունը մի՛ բարձրացրեք, նորից եմ կրկնում, Դուք գործադիր եք և պարտավո՛ր եք հանգամանալից պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հուզում են ՀՀ քաղաքացուն»։

Ընդդիմադիր պատգամավորի նկատողությանը Փաշինյանն այսպես արձագանքեց. «Իսկ էն, որ Դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, որ տակից-գլխից կարաք ամեն ինչ խոսաք։ Ես Ձեզ պարզ հարց եմ տալիս, ասում եմ՝ ով ինչ ասի, որ ես հո՛ղ եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատո՛վ եմ խոսալու ու մատո՛վ եմ խոսացել…»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց՝ Ձեր ղեկավարության ժամանակ…, սակայն Փաշինյանը թույլ  չտվեց, որ պատգամավորն ավարտի խոսքը և ագրեսիվ տոնով արձագանքեց. «…Ուրեմն ձեր չափն իմացե՛ք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, թա՛փ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ…»

Yerkir.am-ը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված գրավոր հարցումներով հետաքրքրվել էր, թե քաղաքացու հասցեին ուղղված «Թափ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտությունն իր մեջ վիրավորանք, սպառնալիք կամ որևէ այլ հանցակազմ պարունակո՞ւմ է: Այդ խոսքերի հեղինակն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկվո՞ւմ է, եթե՝ այո, ապա ի՞նչ հետևանք է դա ունենում (տուգանք, վարչական կամ քրեական պատասխանատվություն և այլն):

Ոստիկանության պատասխանն առավել քան խուսափողական է, նշվում է, որ ներկայացված տեղեկատվությանը հնարավոր կլինի իրավական գնահատական տալ միայն որոշ պարտադիր պայմանների առկայության պարագայում, մասնավորապես՝ «1. գնահատման փուլում պետք է լուծված լինի վարչական կամ քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալու համար նախատեսված բավարար տվյալների (հատկանիշների) առկայության հանգամանքը, 2. վկայակոչված գործողությունը (արտահայտությունը) չլինի վերացական բնույթի, այլ լինի հասցեագրված և պարունակի կոնկրետություն, 3. հասցեագրված գործողության վերաբերյալ պարզ լինի «տուժողի» սուբյեկտիվ ընկալման աստիճանը և դիրքորոշումը»: 

Հետաքրքրական է՝ Նիկոլի փրփրադեզ ելույթում հնչեցված «Թափ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտության ի՞նչն էր վերացական կամ ոչ կոնկրետ, կամ՝ ոստիկանության իրավաբանական վարչության պետին ինչո՞ւ է թվացել, որ այն հասցեագրված չէր՝ այն դեպքում, երբ մարդն օրը ցերեկով, կանգնած ամբիոնի մոտ, նայում է ընդդիմադիր պատգամավորներին և հոխորտում:

Գրեթե նույնական պատասխան է ստացվել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից. վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի երկու նախադեպային դիրքորոշումներ՝ պատասխան գրության մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված հարցման, ինչպես նաև համապատասխան տեսագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանք հանցանքի մասին որոշակի տվյալներ չեն պարունակում (այդ թվում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի և 137.1 հոդվածի), հետևաբար, հանցագործության մասին ֆիզիկական անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված հաղորդում չեն հանդիսանում, ուստի, բացակայում են դիմումում նշված տվյալները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգելու հանձնարարություն տալու անհրաժեշտությունը»:

Իսկ ի՞նչ անվանել իրավապահ համակարգի այն գործողությունները, որոնց համաձայն՝ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել այն քաղաքացիների վրա, որոնք վարչապետի աթոռին կառչած՝ հայրենիք հանձնողին անվանել են, օրինակ, «թափթփուկ», «համբալապետ» և այլն, երկակի ստանդարտների կիրարկո՞ւմ, ընտրովի արդարադատությո՞ւն, մեկ անձի իշխանությանը և քմահաճույքներին ծառայող ստրկապետության դրսևորո՞ւմ։ Թե՞ իրավապահ համակարգի ներկայացուցիչները պարզապես չեն ցանկանում, որ հայրենիք (Արցախ) հանձնողի, պետությունը կործանողի խարանը մնա միայն Նիկոլի ճակատին: 

Ինչևէ: Գոնե մի բան պարզվեց, որ այսուհետ Նիկոլի խունտային տեսնելիս, փաստորեն, կարող ենք հանգիստ մատ թափ տալ և ասել՝ «պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», ինչի համար պատասխանատվության չենք ենթարկվի, թեև Նիկոլի ձեռամբ գոմի վերածված երկրում դա էլ չենք կարող վստահ ասել:  

 

Վ. Սարգսյան  


No description available.

No description available.