կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 12:15
Աշխարհ

Ռուս զինվորականները մտել են ուկրաինական Տրոստյանեց քաղաքը

Ռուս զինվորականները մտել են ուկրաինական Տրոստյանեց քաղաքը

Ուկրաինայի Սումի մարզի Տրոստյանեց քաղաքն ամբողջությամբ օկուպացված է ռուս զինվորականների կողմից. հայտարարել է Սումի մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։

«Մարտի 1-ի դրությամբ տարբեր կողմերից ռուսական երեք շարասյուն մտել է Տրոստյանեց և ամբողջությամբ գրավել քաղաքը։ Նրանք տանկով քանդել են Կլոր բակի դարպասը, ջարդել արվեստի պատկերասրահը»,- մեջբերում է նրա ուղերձը «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Նշվում է նաև, որ քաղաքի գրեթե բոլոր հոսանքալարերը վնասված են, բոլոր ճանապարհները՝ քանդված։ «Ռուսները դռնեդուռ են անցնում, մարդկանց հանում նկուղներից, գիշերները դրսում նստեցնում։ Նրանք վախենում են օդային հարվածներից, վախենում են մեր հրետանու աշխատանքից»,- ասել է Ժիվիցկին։

«Ուկրաինսկայա պրավդան», վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, թե չորեքշաբթի գիշերը ռուսական տեխնիկան, թաքնվելով «Բայրաքթար»-ների հրետակոծությունից, գրավել է Տրոստյանեցում գտնվող ձեռնարկությունների մի մասը։ «Տրոստյանեցը, փաստորեն, այժմ գրավված է, տարածային պաշտպանության ուժերը կռվում են, բայց ծանր տեխնիկայի մի քանի շարասյուներ մտել են քաղաք։ Նրանք թաքնվում են խաղաղ բնակիչների թիկունքում։ Քաղաքից դուրս դրանց ուղղությամբ աշխատում են հրետանին և «Բայրաքթար»-ները, իսկ այժմ նրանք փաստացի թաքնվել են խաղաղ բնակչության հետևում»,- հայտնել է աղբյուրը։