կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 00:28
Հասարակություն

Ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը` ըստ էության սկիզբ դնելով աշխարհի քաղաքական նոր քարտեզի գծագրմանը:

Առավել քան ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը` ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը, որով Ռուսաստանը փաստացի կանխեց մարդկության պատմության մեջ հերթական գենոցիդի իրականացման փորձը` ողբերգական իրադարձություն, որը հայի հավաքական գիտակցության մեջ ամրագրված է 1915 թվականի դաժան եղելությամբ, 20-րդ դարավերջին Բաքվի ու Սումգայիթի արյունահեղություններով: Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացման ճանաչմամբ Հայաստանի իշխանությունները ևս մեկ փաստարկ կունենան Արցախի ինքնորոշման իրավունքի հիմնախնդրի լուծման գործում:

Որևէ մեկը չպիտի մոռանա, որ առնվազն վերջին երեք հարյուր տարում Ռուսաստանը եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմական, քաղաքական բնական դաշնակիցը, առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի գոյաբանական հարցերում:  Սա ևս մեկ անգամ հաստատվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անձնական ջանքերով կանխվեց Արցախի վերջնական գրավումն ու հայաթափումը, Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի կողմից շատ ավելի լայն ծավալներով ներխուժումը` հանգեցնելով լիարժեք կապիտուլյացիայի:

Մենք բարոյապես պարտավորված ենք կանգնելու Ռուսաստանի ու ռուս ժողովրդի կողքին, ու սա բնավ էլ ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի իշխանությունների հակառուսական, ազգայնական քաղաքականության արդյունքում:

Պատահական չէ, որ Ուկրաինայի շահերը պաշտպանում են նույն աշխարհաքաղաքական կենտրոններից ղեկավարվող Թուրքիան, նրա մերձավոր արբանյակ Ադրբեջանը, որոնք Ռուսաստանը թուլացնելու, կազմաքանդելու նպատակն են հետապնդում:

Հետաքրքիր նմանություն կա Ուկրաինայի ու Հայաստանի գործող իշխանությունների միջև, քանի որ առանց ազգային շահը, իրենց քաղաքացիների գերակշիռ մասի կարծիքը հաշվի առնելու, երկուսն էլ վարում են Թուրքիայի հետ ինտեգրվելու քաղաքականություն: Սա ազգակործան, երկրակործան քայլ է, որին բոլոր հնարավոր միջոցներով դիմակայելու ենք նաև մենք` ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաներս:

Ռուսաստանը ևս պետք է զգուշավորություն դրսևորի Թուրքիայի հետ հարաբերություններում, մշտապես հաշվի առնի, որ թուրանական գաղափարի իրագործումը գերազանցապես կառուցված է ռուսական ազդեցության երկրների ու բուն ռուսական տարածքների նվաճման հեռանկարով:

Նկատի ունենալով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի, Սիրիայում ու Հայաստանում ռուս օդաչուների սպանությունների փաստերը` առանձնակի զգուշավորություն պետք է դրսևորել, եթե Էրդողանի հրավերով կայանա Պուտինի այցը Թուրքիա, քանի որ Ռուսաստանի թշնամիների համար կարող է գործել «Չկա մարդ, չկա պրոբլեմ» մոտեցումը:

Այսպիսով ժամանակն է հստակեցնելու, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները, և որն է Հայաստանի իրական քաղաքական ուղղվածությունը»: