կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 12:38
Քաղաքական

ՀՀ մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր մշակվել են Գերմանիայի փորձագետների աջակցությամբ. Թաթոյանը՝ ԳԴՀ դեսպանին

ՀՀ մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր մշակվել են Գերմանիայի փորձագետների աջակցությամբ. Թաթոյանը՝ ԳԴՀ դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Արման Թաթոյան կարևորել է այն, որ ՀՀ մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր մշակվել կամ ընդունվել են Գերմանիայի փորձագետների աջակցությամբ, օրինակ՝ Քրեական դատավարության, Քրեական, Քրեակատարողական օրենսգրքերը և այլն։

Բացի այդ, շեշտվել է, որ բարձր համագործակցություն է հաստատված եղել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ։

Պաշտպանի հաստատությանը կարևոր աջակցություն է ցուցաբերել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։

Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում կազմակերպվել է նաև լրագրողների այց Բեռլին՝ Գերմանիայում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման հարցերին ու օրենսդրությանը ծանոթանալու նպատակով։