Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա ընդգծեց, որ, ըստ համաձայնագրի, ոչնչացվելու է 1 միլիոն 300 հազար եվրոյի զենք, պիտանելիությունից դուրս եկած` ՊՆ-ին պատկանող սպառազինությունը, ռազմական տեխնիկան:
Ըստ Զաքարյանի` 3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո: Ոչնչացման համար ընտրված սպառազինությունն այլևս սպառել է իր մարտական պիտանելիությունը: «Նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր` ՀՀ ԶՈՒ տեխնիկա, նաև 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ, քանի որ ՀՀ-ն գերազանցում է ԵՍԶՈՒ պայմանագրով ԶՄՄ-ների համար նախատեսված շեմը: Հիմնական նպատակն այն է, որ մենք հետագայում իրավունք ունենանք ձեռք բերելու նոր տեխնիկա դրա փոխարեն»,- ասաց փոխնախարարը:
Նա նաև հավելեց. «Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի մարդասիրական ականազերծման ծրագրին: Սա ՀՀ համար առաջին նման նախագիծն է»:
Հարակից զեկուցող` ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ ընդգծեց, որ մեր շահերից է բխում ազատվել ոչ պիտանի սպառազինությունից եւ ռազմական տեխնիկայից:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանն է որոշելու` որ տեխնիկան է ենթակա ոչնչացման, թե՞ պարտադրելու են: Նահապետյանը պատասխանեց. «Մենք ինքներս ենք որոշելու, թե որ ռազմական տեխնիկան է ոչնչացվելու, որևէ պարտադրանք չկա»:
Պատգամավորը նաև հարցրեց` հատուկ հանձնաժողո՞վ է ստեղծվելու, որպեսզի որոշվի, թե որ տեխնիկան է ենթակա ոչնչացման: Փոխնախարարը պատասխանեց, որ դա արդեն որոշված է ՊՆ-ի կողմից:
Նշենք, որ նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի կողմից և առաջիկա քառօրյային կներկայացվի ԱԺ քննարկմանը: