Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման ու մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող` ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ ՊՆ` պիտանելիությունից դուրս եկած զենքերի ոչնչացման ու ապառազմականացման համար Հայաստանին կտրամադրվի 1.5 մլն եվրո:
«Համաձայնագրի շրջանակներում նախատեսված առաջին ծրագիրը պիտանելիությունից դուրս եկած` ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաև ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի` շուրջ 1.5 մլն եվրո արժողությամբ ընդհանուր ծրագրի իրականացումն է»,- հայտնեց փոխնախարարը:
Նրա խոսքով` ՊՆ-ում առկա է որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա, որն այս պահին ենթակա է ոչնչացման կամ կրճատման, բայց դրանց կրճատումների գործառույթները չեն համապատասխանում Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագրով նախատեսված գործառույթներին:
«Դրանք իրականացնելու համար կան որոշակի դժվարություններ՝ կապված ֆինանսների հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2013-ին ի հայտ է եկել ծրագրի իրականացման գաղափարը, որը, սակայն, ձգձգվել է, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր չի ստանձնել դրա ֆինանսավորումը: Բանակցությունների արդյունքում Գերմանիան համաձայնել է տրամադրել միջոցներ և ղեկավարել Վստահության հիմնադրամը՝ ի նշան հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերությունների»,- ասաց Զաքարյանը:
Նա տեղեկացրեց, որ համաձայնագրի իրականացման արդյունքում ոչնչացվելու են պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ:
«Դրանց ոչնչացման արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է, իսկ ստացված միջոցները, որը, նախնական հաշվարկներով, կազմելու է 100.000 եվրո, ուղղվելու է ՀՀ-ում ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը»,-եզրափակեց փոխնախարարը: