կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-15 19:53
Հասարակություն

Բացառիկ լուսանկար. պետական դավաճանության մեջ կասկածվողը՝ Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հետ

Բացառիկ լուսանկար. պետական դավաճանության մեջ կասկածվողը՝ Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հետ
ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:
 
Համացանցում շրջանառվեցին պետական դավաճանության մեջ կասկածվող անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Պեմզաշենի մեր աղբյուրները հաստատեցին տեղեկությունը:  
 
Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել  Գարիկ Էլոյանի եւ Վարդենիս խոշորացված համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի լուսանկարը:
 
Գարիկ Էլոյանը Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար է եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վարդենում իր կողմից վարձակալված բնակարանից իրավապահ մարմինները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտանբերել:
 
Լուսանկարը փաստում է, որ նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Վարդենիսի նախկին քաղաքապետի, հայտնի ՔՊ-ական Արամ Մելքոնյանի հետ, որը, ի դեպ, այնքան է կառչած իր պաշտոնից, որ ընտրության արդյունքներով պարտություն է կրել, բայց զբաղվում է «ինքնիրավչությամբ»:
 
Ամենեւին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, մտերիմ լինելով Գարիկ Էլոյանի հետ, կամա թե ակամա եղել է ինֆորմացիայի կրող եւ փոխանցող: ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, եւ ակնկալում համակողմանի քննություն՝ պարզելու, թե ի՞նչ առնչություն է ունեցել Արամ Մելքոնյանը պետական դավաճանության մեջ կասկածվող լրտեսական ցանցի անդամ Գարիկ Էլոյանի հետ:
 
Կրկին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, լինելով սահմանամերձ համայնքի ղեկավար, իր վկայությամբ՝ մասնակցած լինելով մարտական գործողություններին, ունենալով տեղեկություններ Վարդենիսի դիրքերի, մեր զինվորականների գտնվելու վայրի, սպառազինության մասին, դարձել է լրտեսական ցանցի «զոհը»: Իսկ միգուցե ԱԱԾ-ն փաստե՞ր ունի այս առնչությամբ եւ չի հրապարակում:
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Yerkir.am-ը բազմաթիվ  անգամ զանգահարել է Ազգային անվտանգության լրատավական զառայութուն, սակայն մեր զանգերը մնացել են անպատասխան:
 
Թեմայի առնչությամբ առաջիկայում հանդես կգանք նոր հրապարակումներով:
 
Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լիանա Սարգսյան