կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 22:25
Աշխարհ

52 կոնգրեսական միացել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությանը

52 կոնգրեսական միացել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությանը

ԱՄՆ-ի ավելի քան 52 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը  Թուրքիային: Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Փետրվարի 4-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում ասվում է.  «Մենք խստորեն կոչ ենք անում մերժել Թուրքիայի խնդրանքը՝  նոր F-16-երի և արդիականացման սարքավորումների վերաբերյալ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար: Միացյալ Նահանգները չպետք է հետագայում որևէ աջակցություն ցուցաբերի Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ նախագահ Էրդողանը շոշափելի քայլեր չի ձեռնարկել՝ դադարեցնելու իր ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները երկրում և արտերկրում»:

Նամակում շեշտվել է՝ նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխի իր վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ն չի օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ տնտեսական նպատակային պատժամիջոցները:

Բայդենի վարչակազմին ուղղված նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջեյք Օչինկլոսը, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլին, Ջիմ Կոստան և այլք:

2020 թվականի սեպտեմբերի 29-ինԹուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել էր հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, որի օդաչուն, ցավոք, զոհվել էր: