Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլի կողմից եղել է հայտարարություն, որ «էդ ո՞ր մի դատավորն է, որ պիտի իմ ասածը չանի, բերեք՝ տեսնեմ». դատավոր Բորիս Բախշիյանին էլ բերել են, որ տեսնի․ այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդմանը:
«Բռնաճնշումներ կան դատախազության կողմից դատական իշխանության նկատմամբ: Այսինքն՝ մենք հասել ենք մի փուլի, որ կայացվող դատական ակտը բողոքարկվում է ոչ թե վերադասության կարգով, այլ դատախազությունը, տեսնելով այդ դատական ակտը, որոշում է՝ կարո՞ղ է ինչ-որ քրեական հանցակազմի մեջ այն տեղավորել՝ ձեւական իմաստով, բայց՝ ոչ բովանդակային, եւ փորձել հետապնդում իրականացնել:
Ըստ էության, դատավոր Բորիս Բախշիյանին առաջարկում են զբաղեցնել այն քաղբանտարկյալների տեղը, որոնց ինքը ազատ է արձակել: Այսինքն՝ հիմա կա՛մ դու իրականացնում ես արդարադատություն, որի հետագան սեփական պատասխանատվության հանգամանքն է, կա՛մ դառնում ես նիկոլահպատակ, ինչպես դատախազությունն է, ԱԱԾ-ն է, եւ որեւէ խնդիր չես ունենում: Հայաստանում իրավական բեսպրեդելն ակնառու է»,- ասաց նա:
Աննա Մկրտչյանը հավելեց, որ Բորիս Բախշիյանի հետ կապված երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը այն մասին էր, որ այս ամենն ուղղորդվում է գործադիր իշխանության կողմից, այս ամենը վարչապետի հաստիքը զբաղեցնող անձի ուղիղ հրամայականն է եւ, այդ մարդու ձեռքից իշխանությունը վերցնելով, հնարավոր կլինի այս ամենը հաղթահարել:
«Հնարավոր է՝ Բորիս Բախշիյանի գործն ստանա արդար լուծում, որովհետեւ ակնհայտ է, որ սա ուղղորդված է: Ինչի՞ց է դատախազությունը եզրակացրել, որ դատավորի կայացրած դատական ակտը հակաօրինական է, եթե այն անգամ չի բողոքարկվել վերադասության կարգով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։