կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 16:57
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի բացառվում՝ կան գերիներ, որոնց անունը Բաքուն չի հայտնում․ Բորիս Ավագյան

Այս գերիներին, որոնք 62-ն են, Շիրակի ցուցակից, գերեվարել են այն ժամանակ, երբ արդեն փոխանակումը տեղի էր ունեցել։ Այն 45 հոգին, որ վերադարձան, գերեվարվել են այն ժամանակ՝ դեկտեմբերին։ Այն փաստը, որ ադրբեջանցիները դիմել են խաբեբայության, նորություն չէ,-ըստ Yerkir.am-ի, հայտարարեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ, Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցում ներգրավված Բորիս Ավագյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած անհետ կորածի համար պետք է տարվի անհատական աշխատանք։ Ավագյանը նշում է՝ չի բացառվում, որ կան անհետ կորածներ, որոնք գտնվում են թշնամի պետության տարածքում՝ գերության մեջ։ Կառավարության դիմաց օրերս բողոքող, պատերազմում անհետ կորած ծնողներն առաջարկում էին հանձնաժողով ստեղծել, ինչը կառավարությունը մերժել է։

«Այդ գնահատականը պետք է տան ծնողները եւ բարեկամները։ Ես իրավունք չունեմ գնահատական տալու։ Հիմա միգուցե ծնող կա, որ հաշվում է, որ լավ աշխատանք է տարվում, ու պարոն Ավագյանի գնահատականը պետք չէ»,-նշեց Ավագյանը։

Նա ասաց, որ եթե կառավարությունն այս ուղղությամբ ինչ-որ քայլեր էլ անում է, ինքը դրանք չի տեսնում, քանի որ պաշտոնյա չէ եւ ներգրավված չէ այդ գործընթացներում։

«Երբ օրեր առաջ՝ մեր գերիների դատավարությունից հետո ինձ հարց էին տալիս, թե ինչպես են լինելու տղաները, ես կարծում էի, որ ճիշտ կլինի՝ ժամ առաջ դիմեն ռուսական խաղաղապահների հրամանատարին եւ նրա միջնորդությամբ կազմակերպեն, որ հենց այդ օրը նրանք վերադարձան»,-նշեց Ավագյանը։

Նրա խոսքով՝ անհետ կորածների գործերն ուսումնասիրելու համար, այնուամենայնիվ, հանձնաժողով ստեղծելու կարիք կա։

«Իշխանությունն այդ աշխատանքը պետք է կատարի։ Պետք է ստեղծել հանձնաժողով տարբեր գերատեսչություններից, պետք է ներգրավված լինեն անպայման ծնողներ, դրանից հետո ամեն անհայտ կորածի վերաբերյալ պետք է ստեղծվի անձնական գործ եւ կատարվի մեծ աշխատանք՝ գերեվարվա՞ծ են նրանք եւ Ադրբեջանը չի՞ հաստատում։ Մենք տեսնում ենք, որ մինչեւ այսօր աճյուններ են գտնում։ Մարտի դաշտում մենք մինչեւ հիմա ունենք աճյուններ։ Այդ աշխատանքը պետք է շատ արագ կատարել։ Այդ մարդկանց հոգեվիճակը շատ ծանր է։ Ես հորդորում եմ, որ մի հանձնաժողով էլ ստեղծի առողջապահության նախարարությունը՝ այդ ծնողների հետ աշխատելու համար»,-ասաց Բորիս Ավագյանը։
Մանրամասն՝ տեսանյութում