կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 20:21
Հասարակություն

Ամփոփեմ Սյունիք կատարած հնգօրյա այցս. Քրիստինե Վարդանյան

Ամփոփեմ Սյունիք կատարած հնգօրյա այցս. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ամփոփել է Սյունիք կատարած հնգօրյա այցը։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ամփոփիչ անդրադարձը.

«Ամփոփեմ Սյունիք կատարած հինգօրյա այցս
 
1․ Սյունիքում մենք ՝ ARF Youth Office և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ-ը երիտասարդական կարևոր ծրագիր ենք իրականացնում։
 
Մենք արդեն մի քանի ամիս է սյունեցի երիտասարդ ձեռներեցների համար ծրագիր ենք սկսել, 3 տասնյակից ավել երիտասարդներ են ընտրվել դասընթացներին մասնակցելու համար ու հիմա եզրափակիչ փուլ են անցել 9 գաղափարներ։
 
Հունվարին Կապանում կանցկացնենք «Վելեք Սյունիք» բիզնես ճամբարը, որի արդյունքում կընտրվեն հաղթող նախագծերը, որոնք կստանան ֆինանսավորում մեր կողմից։
 
Այս օրերին հանդիպեցի նաև ծրագրի եզրափակիչ փուլ անցած 9 գաղափարների հեղինակների հետ։
 
Սյունիքում, ինչպես մյուս վայրերում, հիանալի երիտասարդական ներուժ ունենք։ Մարդիկ ունենք, ովքեր կառչած են իրենց ծննդավայրին ու կյանքն այլ տեղ չեն պատկերացնում։ Կարծում եմ սա մեր բոլորիս հարստությունն է։
 
2․ Ամռան վերջին մենք հայտարարեցինք Սյունիքում կենտրոնանալու և նոր թափով աշխատանքները սկսելու մասին։ Այսօր, արդեն, Կապան քաղաքում մենք ունենք երիտասարդական խումբ՝ ՀՅԴ ՀԵՄ Սյունիք, որոնց հետ էլ հանդիպման ընթացքում ներկայացրեցի ՀՅԴ ՀԵՄ գործունեությունը և գաղափարախոսական հիմնադրույթները։ Հաջորդիվ պետք է խոսենք երիտասարդների դերի և որոշումների կայացման գործում ազդեցությունների մասին։
 
Այս խումբը չնայած նորակազմ է, բայց բավական ակտիվ է ու Կապանին հավելյալ երիտասարդական եռանդ հաղորդելու մեծ ցանկություն ունի։ Եթե կցանկանաք մեզ հյուրընկալվել, պարզապես իմաց տվեք, հաջորդ անգամ կարող ենք միասին գնալ։
 
3․ ՈՒնեցա տարբեր հանդիպումներ պատասխանատու դիրք զբաղեցնող մարդկանց և հասարակ քաղաքացիների հետ, տեղի ՀՅԴ կոմիտեության հետ։ Զրուցեցի պատահական մարդկանց հետ։
 
Արձանագրումս հետևյալն է․ մարդկանց մեջ սպասում կա, բայց երբեք ոչ խուճապ։ Ընդհանրապես նոյեմբերի 9-ից հետո ես միայն Արցախում ու Սյունիքում եմ նման զգացողություն ունեցել։
 
Մարդիկ կարծես ավելի ռացիոնալ են, չնայած խնդիրների էպիկենտրոնում են։ Անհանգստություն կա, բայց այն երբեք խուճապի չի վերածվում, չկա երևանյան դեպրեսիան ու անլույս խավարը։ ՈՒ ամենակարևորը՝ կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք չնայած ամեն ինչին, մնում, ապրում են իրենց տանը։
 
Կարծում եմ այս բոլոր մարդկանց հետ շփումներն առաջին հերթին մեզ են օգնում։ Դրա համար բաց մի թողեք Սյունիք կամ Արցախ այցելելու որևէ առիթ։ Ես այս մի տարվա ընթացքւոմ տեսել եմ, որ հայության հավաքական սիրտը հենց այնտեղ է բաբախում»։