կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 19:59
Քաղաքական

Ինչո՞ւ են անհիմն Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու պնդումները

Ինչո՞ւ են անհիմն Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու պնդումները

«Անպիտան հրթիռների գործով» անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ կալանավորված մնալ-չմնալու հարցը կամ ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի 24-ին, քանի որ դեկտեմբերի 17-ին վերաքննիչ բողոքի քննությունը չի ավարտվել:

Նշենք, որ Տոնոյանի փաստաբանական խումբը ավելի վաղ տեղեկացրել էր, որ պաշտպանության նախկին նախարարին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, ուստի մանրամասն առարկություններ ներկայացնելով՝ այն բողոքարկել են վերաքննության կարգով: Իսկ Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին: 

Հավելենք, որ Դավիթ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը քննվել է 3 օր:

Արդյո՞ք ազատության մեջ գտնվելով պաշտպանության նախկին նախարարը, այսպես ասած, իրավական առումով կարող է վտանգ ներկայացնել իրենից, կամ միգուցե իշխանությունների համա՞ր «ռիսկեր» կան, 168.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց՝ քաղաքական առումով չեն ցանկանում որևէ հայտարարություն անել, այս պահին ճիշտ չէ:

«Այս պահին զերծ կմնանք գնահատական տալուց՝ իշխանություններն ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում Դավիթ Տոնոյանին ազատության մեջ տեսնել: Հույս ունենք, որ իշխանություններն այս գործի հետ կապված չեզոքություն են դրսևորելու: Ամեն դեպքում, որոշում կայացնողը դատարանն է, և քանի դեռ չունենք Վերաքննիչ դատարանի որոշումը, զերծ մնանք գնահատականներ տալուց: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի ազատության մեջ գտնվելու իրավական կոնկրետ հիմքերին, միակ հիմնավորումը, որը դրված է Տոնոյանի կալանքի հիմքում, և որը վարույթն իրականացնող մարմինը և դատարանները մշտապես փորձել են հաստատել, թե քանի որ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա:

Բայց պետք է նշել, որ Դավիթ Տոնոյանը 2020 թվականի նոյեմբերից պաշտպանության նախարար չէ, նրանից հետո նախարարներ են փոխվել, բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, երկրորդ՝ գործով անցնող անձինք որևէ կախվածության մեջ չեն գտնվում նրանից: Եվ շատ կարևոր մեկ այլ հանգամանք՝ գործով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են ծանոթացման, և նման պարագայում խոսել, որ նյութեր կարող են թաքցնել, կամ գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործադրել, իրատեսական չէ: Ըստ այդմ՝ մեր համոզմունքն այն է, որ չկա որևէ հիմք շարունակելու Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահել»,- մանրամասնեց Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կարևորում են ավիացիոն հրթիռների փորձաքննությունը:

«Որքան գործի նյութերին ծանոթանում ենք, էլ ավելի ենք համոզվում, որ դրա անհրաժեշտությունը միանշանակ է: Առանց դրա գնահատական տալը իրավաբանության հետ աղերս չունի»,- ընդգծեց նա:

Նշենք, որ նոյեմբերի վերջին, երբ դատարանում քննվում էր Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը, պաշտպանական կողմը բավականին հակափաստարկներ էր ներկայացրել ավիացիոն հրթիռների պահանջարկի լինել-չլինելու և պիտանիության վերաբերյալ:

«Օրինակ, ասում են, որ նշված սպառազինությունը ձեռք է բերվել առանց Պաշտպանության նախարարության պահանջարկը հաշվի առնելու, կոպիտ ասած, դա մեզ պետք չի եղել, բայց ձեռք է բերվել, մենք շատ կոնկրետ, լուրջ և հավաստի ապացույցներ ենք ներկայացրել դրա հետ կապված, որոնք որևէ կերպ չեն կարող հերքվել: Մենք բերել ենք լուրջ ապացույցներ, համապատասխան իրավական ակտեր, մասնագիտական լուրջ կարծիք՝ ոչ միայն պահանջարկի հետ կապված, որ այն եղել է, այլև՝ հրթիռների որակի հետ կապված: Այն, ինչ մեղսագրվում է Դավիթ Տոնոյանին, հավատացնում եմ, ընդամենը ենթադրությունների մակարդակում է, և մենք ստիպված ենք այդ ենթադրությունների դեմ պայքարել, ինչը, ամեն դեպքում, ըստ էության հաջող ստացվում է»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր Տոնոյանի պաշտպանը:

Հավելենք, որ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտնել էր, որ վարույթն իրականացնող մարմինը անկատար է թողել նշանակված դատանյութագիտական, պայթյունատեխնիկական-ապրանքագիտական համալիր փորձաքննությունը և դրա փոխարեն նշանակել է դատատեխնիկական փորձաքննություն:

«Դրա հետ միասին մինչ օրս Դավիթ Տոնոյանի մեղադրանքի վերաբերյալ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, և հակառակը, սպառազինության պահպանման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու մեր միջնորդությունը մերժվել է: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ փորձագետի եզրակացության մեջ և ամբողջ քրեական գործում շրջանառվում են սպառազինության շահագործման և պահպանության ժամկետների վերաբերյալ ՀՀ-ում չգործող, ՀՀ օրենսդրությամբ չվավերացված և չնախատեսված իրավական ակտեր և փաստաթղթեր, որոնք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ որևէ կերպ չեն կարող դրվել որևէ մեկի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի մեղադրանքի կամ քրեական պատասխանատվության հիմքում:

Դրանք ԽՍՀՄ և ՌԴ ներքին, ներպետական օգտագործման փաստաթղթեր են, որոնք երբեք չեն վավերացվել ՀՀ-ում և լավագույն դեպքում կարող են ունենալ զուտ խորհրդատվական նշանակություն: Դրան հակառակ, սպառազինության գնման գործարքից շատ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում արձակվել է նախարարի համապատասխան հրաման, որով կարգավորվել են զինամթերքի պահպանության կամ շահագործման ժամկետների հետ կապված հարցերը, ինչն էլ դրվել է 2018 թվականին կատարված գնման հիմքում»,- նշվում էր տարածված հայտարարության մեջ:

168.am-ը գրել էր, որ «անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին ազատ են արձակել:

Դավիթ Տոնոյանի փաստաբանն ասաց, որ նա ցուցմունք է տվել իր իսկ մեղադրանքի շրջանակում:

«Մեր մեղադրանքին դա, մեծ հաշվով, չի էլ առնչվում, այլ առավելապես հենց իր մեղադրանքին է առնչվում»,- շեշտեց Տոնոյանի փաստաբանը:

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Հավելենք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատեցին «անորակ հրթիռների» գործով անցնող և կալանքի տակ գտնվող Ստեփան Գալստյանին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի:

Աղբյուրը՝ 168.am