կարևոր
6238 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 13:07
Քաղաքական Իրավական

Հնարավոր է՝ Սուրեն Մանուկյանին կալանքի տակ պահելու հրահանգ կա․փաստաբան

Հնարավոր է՝ Սուրեն Մանուկյանին կալանքի տակ պահելու հրահանգ կա․փաստաբան

Հոկտեմբերի 20-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ավարտին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ։ Դատարանն այդպիսով չի բավարարել փաստաբանների ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Նախորդ դատական նիստին, դատարանը որոշում էր կայացրել 3 ամսով հետաձգել կալանքի ժամկետը, որը լրանում էր նոյեմբերի 12-ին։ Դատարանը փոխարենը վկաներին լսելու կամ ապացույցներ հետազոտելու, որոշում է 20 օր շուտ քննարկել Սուրեն Մանուկյանի կալանքի քննարկման հարցը։ Սովորաբար կալանքի ժամկետը փոփոխելու կամ երկարաձգելու հարց քննարկվում է ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ դատավորի քայլերը թույլ է տալիս մտածել, որ նա հրահանգ կամ ցուցում ունի անընդհատ Սուրեն Մանուկյանին պահել կալանքի տակ։

«Մենք ժամանակ խնդրեցինք, որ հարցի քննարկումը հետաձգվի, սակայն դատարանը որոշեց հենց երեկ քննարկել կալանքի հարցը։ Հետո առաջարկեցինք խափանման միջոցը փոխել՝ կամ գրավով ազատ արձակել, կամ տնային կալանք նշանակել, սակայն դատարանի որոշումը չփոխվեց»,-ասաց փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։

Փաստաբանի խոսքով՝ կալանքը երկարացնելու միակ հիմքը դատարանը համարում է այն, որ Սուրեն Մանուկյանը ունի ընկերական կապեր, ծանոթությունների մեծ շրջանակ, մեծ հնարավորություններ ու, իբր, ազատության մեջ լինելու պարագայում հնարավորություն կունենա ազդեցություն ունենալ ինչ-որ մարդկանց վրա՝ դատարանում իր օգտին ցուցմունք տալու համար։

«Եթե դատարանի մտահոգությունը ազդեցության գործադրումն է այլ անձանց վրա, առաջարկել ենք տնային կալանք տալ Սուրեն Մանուկյանին, որ հնարավորություն ունենա շփվել իր երեք անչափահաս երեխաների հետ, իրացնի իր ծնողական իրավունքները։ Եթե խափանման միջոցը Մանուկյանը որևէ կերպ խախտի, կարող են դատախազի միջնորդությամբ կրկին խափանման միջոցը փոխել կալանքով»,-ասաց փաստաբանն ու արձանագրեց՝ դատարանն արդեն որոշումը կայացրած եկել էր նիստին։

Փաստաբանը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան և փորձել հասնել հաջողության, միևնույն ժամանակ կարծում է՝ քաղաքական կամք է պետք, որպեսզի Սուրեն Մանուկյանը ազատվի կալանքից։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։

Անի Նահապետյան