Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Աբրահամյանը հայտնել է, որ փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը դատախազը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը:
Վերաքննիչ դատարանը կայացրել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, այդ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է, որի հիման վրա անձը կալանավորվել է:
«Կարծում եմ՝ հիմա որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ եթե դատարանը կալանքի հիմքերն առկա չհամարեր, չէր կարող նման որոշում կայացնել: Հակառակ դեպքում, հիմքերի բացակայության հիմնավորմամբ ուղղակի կմերժեր դատախազության միջնորդությունը: Եվ դատախազը պաշտպանի երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կայացումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում, կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը»,- ասել է Աբրահամյանը:
Ավելի վաղ Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով միջնորդության մերժմանը, գրել էր․
«Այլևս փաստ է, որ Աշոտ Երկաթ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։
Դիցուք, այսօր ստացել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը, որում վերջինս, չունենալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այսինքն չունենալով կալանավորման հիմքերը, արձանագրել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացնելուց հետո կալանավորման հիմքերի առումով փաստական հանգամանքների էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Հիմա խնդրում եմ ապացուցեք, եթե չունեք կալանավորման հիմքերը, ինչպես եք արձանագրում, որ դրանք չեն փոխվել։ Իսկ միգուցե հիմքերն էական չեն, էականը քաղաքական իշխանության կամքում որևէ փոփոխություն չլինելն է»։
Աղբյուրը՝ Արմենպրես