կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 15:19
Աշխարհ

Զելենսկին նշել է Ադրբեջանի և Հայաստանի օրինակով Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր ձևաչափերը

Զելենսկին նշել է Ադրբեջանի և Հայաստանի օրինակով Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր ձևաչափերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի հետ Դոնբասի հարցով «նորմանդական ձևաչափից դուրս» բանակցությունների հնարավորությունը։ Այս մասին նա ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։

Նրա խոսքով՝ Ուկրաինան հավատարիմ է մնում «նորմանդական քառյակի» ձևաչափով բանակցությունների շարունակմանը, և դա քննարկման առարկա է դարձել Բրյուսելում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, սակայն նա խոստովանել է, որ ձևաչափը դեռևս  արդյունավետ չէ:

«Նորմանդիան աշխատում է, թե` ոչ... Եթե դա կախված լիներ միայն Ուկրաինայից, այն ավելի արդյունավետ կաշխատեր: Ուստի մենք աշխատում ենք զուգահեռ բաների վրա»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այդ պատճառով Ուկրաինան կողմ է ԱՄՆ-ին ներգրավելուն, բայց ոչ թե նորմանդական, այլ նոր ձևաչափով։

«Ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները լիներ առաջատարը։ Դա կարող է լինել եռակողմ ձևաչափ: Բայց չի կարող լինել առանց Ուկրաինայի։ Ուկրաինայի թիկունքում ոչինչ չի կարող լինել»,- ընդգծել է Զելենսկին։

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան դիտարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը։

«Ուկրաինան պատրաստ է կարգավորման բանակցությունների ցանկացած ձևաչափի։ Ռուսաստանի ցանկությունն անհրաժեշտ է, բայց չկա։ Սակայն նույնիսկ Ադրբեջանն ու Հայաստանը կարողացել են պայմանավորվել ուղիղ բանակցությունների շուրջ. Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը դրա համար հանդիպել են Բրյուսելում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ մի օր դա հնարավոր կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։