կարևոր
508 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-19 12:41
Աշխարհ

Զելենսկին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը

Զելենսկին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դրական է գնահատել փետրվարի 17-18-ին ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ ձևաչափով բանակցությունների երրորդ փուլի անցկացումը Ժնևում և հայտնել, որ հաջորդ հանդիպումը ևս կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում։

«Կարծում եմ՝ լավ է, որ մենք եռակողմ հանդիպում անցկացրինք Շվեյցարիայում։ Մենք հարգում և գնահատում ենք մեր գործընկերներին Մերձավոր Արևելքում և այլ երկրներում։ Բայց իմ կարծիքով, եթե պատերազմը տեղի է ունենում Եվրոպայում, ապա մենք պետք է տեղ գտնենք Եվրոպայում», - գրել է նա իր Telegram ալիքում։

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականն իր հերթին մեջբերում է Զելենսկու խոսքերն այն մասին, որ բանակցությունների հաջորդ՝ չորրորդ փուլը նույնպես կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում։

«Ցանկանում եմ ընդգծել, որ հաջորդ հանդիպումը նույնպես կկայանա Շվեյցարիայում։ Սա այն տեղեկատվությունն է, որ ես այսօր ունեմ։ Իհարկե, մեր խումբը կվերադառնա, և ես ավելի մանրամասն տեղեկատվություն կունենամ», - պարզաբանել է Ուկրաինայի առաջնորդը։

ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում։