Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ որոշում է ընդունել Մուշեղ Սիրադեղյանին «ՀՀ Տավուշի մարզի Շահնազար Շահնազարյանի անվան Կոթիի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատելու եւ նրա հետ 2017թ․ մարտի 9-ին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով աշխատանքից ազատելը նշանակում է, որ այդ ազատումը տեղի է ունեցել աշխատողի նախաձեռնությամբ։
1969թ․ ծնված Մուշեղ Սիրադեղյանը Վանո Սիրադեղյանի ավագ եղբոր՝ Սերյոժա Սիրադեղյանի որդին է։ Մ․Սիրադեղյանը սահմանամերձ Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրենն էր վերջին 26 տարիներին։ Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու էր 2022թ․ մարտի 9-ին, սակայն նա որոշել է պայմանագրի ժամկետի ավարտից 3 ամիս առաջ ազատվել պաշտոնից։ Մ․ Սիրադեղյանը որպես «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու թեկնածու մասնակցում էր 2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններին, այդ կուսակցության ավագանու թեկնածուների 32 հոգանոց ցուցակում զբաղեցնելով 10-րդ տեղը։ Ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու 21 տեղերից ստացել է 6-ը։
Մուշեղ Սիրադեղյանի հետ հեռախոսազրույցում հարցրի, թե դպրոցի տնօրենի պաշտոնն ինքնակամ թողնելը կապ ունի՞ Նոյեմբերյանի ավագանու համամասնական ընտրությունների արդյունքների, կամ՝ վերջերս իր հորեղբոր՝ Վանո Սիրադեղյանի մահվան հետ։ Նա հայտնեց, որ իր պաշտոնից ազատվելը կապ չունի վերահիշյալի հետ, ինքն այժմ գտնվում է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, ուր աշխատում է։
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տղամարդ ուսուցիչներ կան, ովքեր 2020թ․ Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո աշխատանքից ազատվելով՝ մեկնել են Ռուսաստան։
Մուշեղ Սիրադեղյանի լուսանկարը՝ Ֆեյսբուքի իր էջից
Ոսկան Սարգսյան
Լրագրող