կարևոր
2104 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-30 16:11
Քաղաքական

Արցախում այսօր տեղի ունեցողը նման է ցեղասպանության. Փարիզի քաղաքապետը Սյունիքում է

Արցախում այսօր տեղի ունեցողը նման է ցեղասպանության. Փարիզի քաղաքապետը Սյունիքում է

Այս պահին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գտնվում է Սյունիքում՝ ուղեկցելու ֆրանսիական հումանիտար օգնության բեռնատարները դեպի Արցախ:

Տեսակապով կապ է հաստատվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Իր խոսքում Փարիզի քաղքապետը  շնորհակալություն հայտնեց Արայիկ Հարությունյանին:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ և մեր պատվիրակության բոլոր անդամներին: Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու բարեկամությունը: Այստեղ ներկայացված է Ֆրանսիայի 6 շրջան: Պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, ամենատարբեր հայացքների մարդկանց, բայց բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի ու ՀՀ  իշխանություններին, Սյունիքի մարզպետին, Գորիսի քաղաքապետին՝ մեզ այստեղ դիմավորելու համար և, վերջապես, Արա Թորանյանին (ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ)», - հայտարարեց քաղաքապետը:

Իդալգոն նշեց, որ այսօր այստեղ են, քանի որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմել է իրենց, և նշեց, որ ժամանակն է միավորվել և գործել, որպեսզի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրվի. «Շնորհիվ անմիջական արձագանքման և համախմբման՝ մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են պարենային սնունդ, գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, որը հնարավարություն կտա դիմադրել: Այս մարդասիրական  օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբերից արդեն շրջափակման մեջ են:

Կանայք, երեխաներ, նորածիններ, նաև տղամարդիկ, որոնք այլևս չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա․․․ Մեր ուղերձը հստակ է և պարզ՝ հարգել միջազգային իրավունքը: Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անկախ իրենց կամքից և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի հրադադարի հայտարարությունը: Եվ քանի որ պետք է խոսել շատ հստակ ու համապատասխան բառեր օգտագործելով, բառերը շատ պարզ են՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»։