Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային` Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը
Նա հայտնել է, որ նոյեմբերի 16-ին հիշյալ հանացագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ավետյանի երկու ծառայակիցները:
«Կատարված նախաքննության արդյունքում նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար: Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի 19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար», - նշել է Աբրահամյանը:
Նա հայտնել է, որ նույն օրն իսկ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է և նրանք կալանավորվել են:
«Արդեն նոյեմբերի 17-ին և 18-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը, որոշում է կայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին և այլն: Այսինքն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար
Նկատի ունենալով, որ, ըստ էության, նախաքննությունը նոր սկսված լինելու, քրեական գործով այս պահին ձեռք բերված փաստական տվյալներից բացարձակ անտեղյակության պայմաններում առանձին շրջանակների կողմից արդեն իսկ սկսվել են անհարկի շահարկումներ և սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ հորդորում եմ ողբերգական դեպքի նկարագրության, որակման առումով ձեռնպահ մնալ խիստ ժամանակավրեպ և չհիմնավորված գնահատականներից ու մեկնաբանություններից՝ քննության նկատմամբ հանրային կանխակալ կարծիք չձևավորելու համար:
Կրկնում եմ՝ քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով և կարծիքներով:
Չկա ու չի կարող լինել դեպքը, հանցագործությունը կոծկելու որևէ միտում:
Դատախազությունն ապահովելու է հետևողական հսկողություն քննության օրինականության նկատմամբ, որի արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության և հանրային պահանջի՝ պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը: