կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 11:03
Քաղաքական

Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան

Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, իշխող խմբակցությունը տապալեց ընդդիմության նախաձեռնած՝ Քննիչ հանձնաժողով ձեւավորելու գործընթացը:

Քվեարկության դրվեց «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 25 կողմ ձայն, որոշումը չընդունվեց: Դեմ չկար, քանի որ ՔՊ-ն չքվեարկեց:

Վարման կարգով ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասաց, որ ՔՊ-ն այս նախաձեռնությանը կողմ չէր կարող քվեարկել, որովհետեւ սա ԱԺ-ի իրավասություններից դուրս է։ «Ես եւս մեկ անգամ խնդրում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին՝ հաշվի առնել այն լիազորությունները, որոնք տրված են ԱԺ-ին, եւ եթե նրանք վկայակոչում են դատական օրենսգրքի որեւէ հոդվածի անկատարություն, ապա կարող են օրենսդրական վերահսկողություն սահմանել եւ չառնչվել քննիչ հանձնաժողովների գործառույթներին: Քվեարկության մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ, ինչին մենք չէինք կարող մասնակից դառնալ»,- ասաց նա:

Իր հերթին, «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանն ասաց. «Ուղղակի տեղեկացնեմ, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, այդ տեսանկյունից այս որոշմանը չքվեարկելը որեւէ հետեւանք չի ենթադրում: Պարզապես սրանով այդ խմբակցությունը չի մասնակցելու այդ աշխատանքներին, ինչի մեջ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունը իրականացնելու է ԱԺ իրավասությունների տիրույթում եւ ամեն կերպ նպաստելու է, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ առնվազն նվազեն: Դա փորձել ենք անել մասնագիտական համայնքով երեք տարի, հետեւողական ենք լինելու, շարունակելու ենք, եւ արդար դատաքննության իրավունքն անքակտելի է լինելու ՀՀ-ում»:

Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։

Երեկ հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կոչ էր արել իր խմբակցության  պատգամավորներին, նաև ընդդիմադիր գործընկերներին՝ զերծ մնալ այս նախագծի հարցով որևէ քննարկումից, քվեարկությունից, քանի որ սրանով իսկ ոտնահարում են դատական իշխանությունը։