կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 14:37
Քաղաքական

Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ գործողությունները. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ. հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն։

«Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:

Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է): 

Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:

Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից:

Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։